57-ամյա ֆրանսիացին 6000 կմ բարեգործական հեծանվարշավ է իրականացրել Ֆրանսիայից Հայաստան

57-ամյա ֆրանսիացին 6000 կմ բարեգործական հեծանվարշավ է իրականացրել Ֆրանսիայից Հայաստան

PanARMENIAN.Net - 57-ամյա ֆրանսիացի Մարկ Բրյունեն 6000 կմ բարեգործական հեծանվարշավ է իրականացրել Ֆրանսիայից Հայաստան: Հոկտեմբերի 1-ին ֆրանսիացին հյուրընկալվեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` նշելով. «Մարկ Բրյունեի հեծանվարշավն իսկական մարզական սխրանք է: Նա յուրօրինակ կապակցող օղակի դեր է կատարել Վալենսիայի և Իջևանի միջև: 1988թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր պարոն Բրյունեն ցանկություն է ունեցել ինչ-որ մեկ աջակցելու տուժածներին: Նրա այս քայլը լիովին ներդաշնակում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան որդեգրած քաղաքականության հետ` աջակցել և միավորել: Հայաստանը և Ֆրանսիան շուրջ 30 քույր-քաղաքներ ունեն, որոնց թվում են նաև Վալենսիան և Իջևանը: Հետաքրքրական է, որ Մարկի ժամանումը համընկնում է մի խումբ թոշակի անցած մանկավարժների ժամանման հետ, ովքեր վերապատրաստելու են Հայաստանի զանազան դպրոցների ուսուցիչներին»:

Մարկ Բրյունեն իր հերթին ասաց, որ հեծանվարշավի ընթացքում անակնկալի է եկել մարդկանց հյուրընկալությունից և լրագրողների վերաբերմունքից: «Ամենաջերմ ընդունելությունը, թերևս, ստացա Ռումինիայում, Մոլդովայում և, իհարկե, Հայաստանում: Ունեցա շատ արտառոց հանդիպումներ, հիանալի վայրեր տեսա, հրաշալի բնություն, և հուշերիս մի մասն արդեն հասցրել եմ գրի առնել: Ինձ ընդունող մարդիկ զարմացած և հիացած էին իմ առաքելությունից, և նրանց հետ հաղորդակցության ժամանակ միակ խնդիրը լեզվական անջրպետն էր, որը, սակայն, մեծ խնդիր չէր»,- նշեց 57-ամյա ֆրանսիացին` հավելելով, որ առաջիկայում մտադիր է նմանատիպ այլ արշավներ կազմակերպել, հավանաբար` լեռնարշավներ:

Մարկ Բրյունեն հուլիսի 21-ին իր հայրենի Վալենսիա քաղաքից սկսել է իր 6000-կիլոմետրանոց ճանապարհորդությունը մի շատ յուրահատուկ հեծանվով: Արշավի հենց սկզբից Մարկ Բրյունեն ճամփորդել է մենակ և առանց որևէ աջակցության, քնել է իր վրանում կամ ճանապարհին հանդիպած պատահական մարդկանց տներում: Նա անցել է ավելի քան 10 երկրներով` Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա և Վրաստան:

Սեպտեմբերի 26-ին Մարկ Բրյունեն հյուրընկալվեց Իջևանում, որը համարվում է Վալենսիայի քույր քաղաքը: Երևանում նրան դիմավորեցին սեպտեմբերի 30-ին Վահագնի թաղամասում, այնուհետև` Հանրապետության հրապարակում: Նույն օրը երեկոյան` Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության Երևանի գրասենյակում (Մարշալ Բաղրամյան 18), տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն ի պատիվ Մարկ Բրունետի:

Մարկ Բրյունեն Ֆրանսիայում ունի ձայնագրման ստուդիա: Նա նաև սիրողական մարզիկ է: Մարկն այս ճամփորդությունը ձեռնարկել է ոչ միայն որպես սպորտի սիրահար. նրա նպատակը մարդասիրական է. հովանավորվելով իր իսկ կազմակերպության կողմից` ճամփորդության ընթացքում նա շուրջ 10 հազ. եվրո է հանգանակել Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» և «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն» կազմակերպությունների համար, որոնք արդեն 20 տարուց ավելի միասին աշխատում են Հայաստանում: Հավաքված գումարները կօգտագործվեն հիմնանորոգելու Շիրակամուտ գյուղի «Արևիկ» մանկապարտեզի ջեռուցման համակարգը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---