3 հոկտեմբերի 2012 - 19:27 AMT
Ադրբեջանը պատրաստվու ՞մ է Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ բանակցություններին «այլընտրանք» փնտրել

«ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներ, որոնք տասնամյակների ընթացքում մենաշնորհային են դարձրել բանակցային գործընթացը, ոչ միայն չեն արագացրել խաղաղ ելքը, այլ նաև մոտեցրել են Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը:

Արձանագրելով այս փաստը`Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը ճանաչել է միջազգային իրավիճակի սրացումը»,-հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը` մեկնաբանելով ղարաբղյան հակամարտության շուրջ ձևավորված իրավիճակը:

«Բանակցային գործընթացի վիժեցումը տվյալ պարագայում նշանակում է հակամարտության զարգացման մեջ նոր փուլի մեկնարկ:

Եթե մինչ այժմ, Մինսկի «եռյակի» ուղևորություններն ադրբեջանական կողմի մոտ հույսեր էին առաջացնում, որ ինչ-որ դիվանագիտական պայքար է ընթանում, որտեղ Ադրբեջանի նախագահը զիջումների չի գնա, ապա այժմ հայկական կողմը Ադրբեջանին կանգնեցրել է խաղաղ բանակցություններին այլընտրանքային ճանապարհ գտնելու անհրաժեշտության առջև»,-ընդգծել է պատգամավորը, հաղորդում է Vesti.az-ը:

Հարկ է նշել, որ հենց ադրբեջանական կողմն է անընդհատ տապալում խաղաղ բանակցությունները` անտեսելով միջազգային միջնորդների` շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այնտեղ տեղի ունեցած միջադեպերը հետաքննող մեխանիզմներ մշակելու վերաբերյալ բոլոր կոչերը, ինչպես նաև խախտելով հրադադարի ռեժիմն ու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին դիվերսիաներ կազմակերպելով: Ադրբեջանի կողմից վերջին պրովոկացիան Հունգարիայից արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն էր:

Զահիդ Օրուջի խոսքով, այսօր ԵԱՀԿ ՄԽ «ոչ մի իրական գործառույթ չի կատարում և միևնույն ժամանակ իր հեղինակությամբ խոչընդոտում է միջնորդության համար այլ թեկնածուների ի հայտ գալուն»:

«Կոնֆիդենցիալ բանակցությունների մասնակից Արազ Ազիմովը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում իրավիճակն իր օգտին փոխելու վերաբերյալ: Կարելի է միայն գուշակել, արդյոք խոսքը վերաբերում է ռազմա-քաղաքական կուրսին Թուրքիայի միանալու վերաբերյալ Ռուսաստանի հետ առանձին բանակցություններ վարելուն, թե ռազմական քարոզչության ծրագրերի մասին»,-ընդգծել է նա: