Մակեդոնացու զո՞րքն է շատ տանջվել Հնդկաստան հասնելիս, թե՞ մենք՝ դասի կամ աշխատանքի

Մակեդոնացու զո՞րքն է շատ տանջվել Հնդկաստան հասնելիս, թե՞ մենք՝ դասի կամ աշխատանքի

PanARMENIAN.Net - Ամեն առավոտ նույն կերպ՝ մարդիկ գրեթե թափվում են երթուղայինից, բայց ուրիշներն էլի բարձրանում են՝ կուշանան: Շոգ է, ներսում շնչելու օդ չկա, բոլորի օծանելիքի հոտերն իրար են խառնվել: Մեկը ձեռքիդ վրա է շնչում, մյուսը ծոծրակիդ, ընթացքի ժամանակ հրում են, իջնել-բարձրանալիս մազերդ քաշքշում: Միզանտրոպ դառնալու բոլոր հիմքերը ստեղծված են:

Քիչ ավելի մեղմ պայմաններում՝ օրվա երկրորդ կեսն էր, հասնում եմ քաղաքապետարան: Հրավիրված ասուլիսին տրանսպորտի վարչության պետը բավական ներկայանալի տեսքով էր: Մտքովս անցավ, որ հաստատ մեքենայով է քաղաքապետարան հասել: Իր խոսքով առավոտյան Մոնումենտի շրջանում ստգումներ է իրականացրել: Այ, հենց այդտեղից էլ հաստատ մեքենայով վերադարձաձ կլինի:

Իր գործից գոհ պաշտոնյան կատարած աշխատանքները թվեց առանց մանրուք բաց թողնելու, դժգոհողներիս ասում է՝ համբերեք, երթուղային նոր ցանցը կներդրվի, կվերջանա, լավ կլինի: Թե դեռ ինչքան համբերենք՝ ինքն էլ չգիտի: Կամ գիտի, բայց չի նշում, գիտի նաև, որ լրանա, գործն արած չլինեն, կգնանք, «վզիցը կբռնենք», կասենք՝ բա ու՞ր է: Իսկ որ արած չեն լինի, ավելի հավանական է:

Դրական փոփխություններ, իհարկե, հնարավոր են, բայց համաձայնեք, որ խնդիրը չի լուծվի, եթե վարորդները չուզեն: Նրանք են ուղևորներին թույլ տալիս խցկվել, ուշ են երթուղի դուրս գալիս, դանդաղ են վարում. այդպես են վաստակում: Նրանց էլ մեղադրել չի լինի:

Վարորդ էլ չկա: Գարնանը ներկրած չինական 150 ավտոբուսից 80-ը դեռ վարորդ չունի՝ պաշտոնական հիմնավորմամբ միայն ու միայն D կարգ ունեցող վարորդների պակասի պատճառով: Մյուս պատճառների մասին երևի բոլորս գիտենք՝ պատասխանատուներից բացի:

Հենրիկ Նավասարդյանին հարցնում եմ՝ իր այդքան սիրելի նոր ցանցի ներդրումից հետո վարորդների վաստակելու եղանակը նույնը կմնա, թե նրանք կսկսեն կայուն եկամուտ ունենալ: Ի պատասխան տրանսպորտի վարչության պետը նորմալ համարեց նույնիսկ որոշ երթուղիներում վարորդների՝ 40.000 դրամ պլան փակելը: Վարորդներն այսպես էլ շարունակելու են աշխատել: Հիմնավորեց. «Տրանսպորտային միջոցի, վառելիքի ծախսերը հաշվի առնելով»: Նրա տվյալներով վարորդներն օրեկան 6-7 հազար դրամ են աշխատում»:

Նրա պատասխանից րոպեներ անց, գործակալություն վերադառնալիս երթուղայինի վարորդն ասաց, որ ոչ թե օրեկան 6-7 հազար դրամ են աշխատում, այլ օր է լինում, որ նույնիսկ 100 դրամ տուն չեն տանում. «Պատահում է, որ մի օր չենք կարողանում պլանը փակել, հաջորդ օրվա աշխատանքով հազիվ գծատիրոջը կուտակված պարտքն ենք տալիս»:

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ անորոշ ժամանակ անց /անորոշը ժամանակի մասին հենց պատասխանատուի ձևակերպումն է/, երբ նույնիսկ նոր երթուղային ցանց ունենանք, տուն ենք հասնելու ճիշտ այնպես, ինչպես այսօր, մի ժամից:

Անի Ավետյան / PanARMENIAN News
Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news