Աշոտ Մանուչարյան. Հայաստանը դրսից կառավարում են, ո՞նց անենք, որ մեր գործերին մի քիչ էլ մենք խառնվենք

Աշոտ Մանուչարյան. Հայաստանը դրսից կառավարում են, ո՞նց անենք,  որ մեր գործերին մի քիչ էլ մենք խառնվենք

PanARMENIAN.Net - «Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման ներքո: Ո՞նց անենք, որ մեր գործերին մի քիչ էլ մենք խառնվենք: Գանդին անգլիական օկուպացիայի պայմաններում գտավ լուծումը: Բայց մեր խնդիրն ավելի բարդ է՝ մարդկանց միտքն է օկուպացվում», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Նա մասնավորապես նկատի ուներ ԱՄՆ դեսպանի՝ օգոստոսի 30-ին հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը, որում դեսպանն ասել է, թե Միացյալ Նահանգներն ամեն ինչ անելու է Հայաստանում գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու համար:

Աշոտ Մանուչարյանը պահանջում է, որ դեսպանը հետամուտ լինի իր խոսքին և քայլեր ձեռնարկի կառավարության՝ 10 օր առաջ ընդունած որոշման դեմ, համաձայն որի փակվելու է Ապարանի ֆիզմաթ դպրոցը:

«Հնարավոր չէ, որ ԱՄՆ դեսպանն ինչ- որ բան ուզի և այդպես չլինի: Այս դեպքում կամ նա թերացել է, կամ էլ նրա հայտարարությունը պոպուլիստական էր՝ ընտրություններին ընդառաջ», - ասաց Աշոտ Մանուչարյանը:

Տասը տարվա ուսուցչության փորձ ունեցող քաղաքական գործիչն ասաց, որ հայ երեխաների ֆիզմաթ ունակությունները շատ բարձր են: Միջին դասարաններում 80 տոկոսից ավելին կարող է դառնալ միջին կարգի ծրագրավորող, ստանալ 4-5 հազար դոլլար աշխատավարձ:

«Պատկերացնո՞ւմ եք այսպիսի տնտեսությունը», - ասաց նա ու ավելացրեց, որ եթե ԱՄՆ դեսպանը չի պատրաստվում հետևել իր խոսքին, մենք պիտի սկսենք աշխատել Գերմանիայի և Չինաստանի կառավարությունների հետ:

Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ նաև «ինչո՞ւ է հետապնդվում Օսկանյանը» հարցին:

«Եթե Օսկանյանը հետապնդվում է, ուրեմն ԱՄՆ-ը դեմ չէ: Հայաստանի համար, որպես Եվրասիական միջանցքի, պայքար է գնում: Լծակը, որը կոչվում է ՀՀ նախագահ, Ռուսաստանի ձեռքին է, իսկ ԱՄՆ –ը այս քայլով փորձում է չեզոքացնել ռուսական ներկայությունը: Ռուսաստանի գործիքը ԲՀԿ-ն է, ԱՄՆ-ի թիրախ դարձավ ԲՀԿ-ի երկրորդ դեմքը, չքվեց առաջին դեմքը, և տեսանք թե ինչ կատարվեց »:

Իսկ Վարդան Օսկանյանի հետագա վիճակի մասին Աշոտ Մանուչարյանն ասաց. «Օսկանյանը կունենա նախագահի թեկնածուի, թե տառապյալի ֆունկցիա՝ հարցրեք ԱՄՆ-ի և ՌԴ դեսպաններին»:

Նրա խոսքով Հայաստանի անվտանգության երաշխիք կարող է լինել միայն միջուկային զենքը:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news