Էրեբունի-Երևան. Ի՞նչ կլիներ, որ մի երկու «ռուսներ» էլ պակաս երգեին![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Երևանում տոնական տրամադրություն էր. մայրաքաղաքը նշում էր իր ծննդյան 2794-ամյակը: «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում, որոնք այս տարի կրում էին «Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը, Երևանում աննախադեպ տոնախմբություն էր կազմակերպվել: 2011թ. 22 հարթակի փոխարեն այս տարի կազմակերպվել էին 26-ը: Ինչպես և նախորդ տարիներին, միջոցառումների մեկնարկը տվեց թատերականացված ներկայացումը, ապա շարունակվեց Արգիշտի թագավորի գլխավորությամբ քայլերթով, որից հետո քաղաքի տարբեր բանուկ վայրերում տեղադրված հարթակներում իրենց ելույթներով հանդես եկան դասական, ռոք, ջազ, ազգային երաժշտություն կատարողները: Այս ամենի հետ մեկտեղ Ֆրանսիայի հրապարակում կազմակերպվել էր Բիենալե, Մաշտոցի պողոտայում` ռետրո մեքենաների ցուցադրություն, Հյուսիսային պողոտայում` Վարպետաց քաղաք և այլն: Անխոս, մայրաքաղաքն ամբողջովին համակվել էր տոնական տրամադրությամբ, երևանցիները հաճույքով վայելեցին միջոցառումների շարանը, թեև, իհարկե, գտնվեցին նաև դժգոհ մարդիկ: Երևանցիներին պարգևած այս տոնն իսկապես ողջունելի է: Մայրաքաղաքի ծնունդը վերջին տարիներին սկսել է նշվել, կարելի է ասել, ամբողջ շուքով, բայց… Արդյո՞ք Հայաստանն այն երկիրն է, որն ամեն տարի իրեն կարող է նման շքեղություն թույլ տալ: Արդյո՞ք 90 մլն դրամն այն գումարն է, որը ոչ մի կերպ չի կարելի կրճատել տոնակատարությունների անցկացման համար կամ միայն կլոր տարեթվերի տոնմանն ուղղել: Հաշվի առնելով այն բազմաթիվ խնդիրները, որոնք ծառացած են Երևանի առջև, հատկապես տրանսպորտի խնդիրը, որն օր օրի ավելի է կորացնում բնակչության մեջքը` անձամբ ես` որպես Երևանի քաղաքացի, մի վայրկյան անգամ չէի ընկճվի, եթե Էրեբունի-Երևանի տոնակատարություններին մի 10 հարթակ քիչ լիներ կամ մի երկու «ռուսներ» պակաս երգեին: Փոխարենը շատ ավելի ողջունելի կլիներ, եթե վերոնշյալ պայմաններում խնայված գումարը կիրառվեր մայրաքաղաքի տրանսպորտի, ճանապարհային, լուսավորության, «Կենտրոն» վարչական համայնքից այն կողմ փողոցների մաքրության և աղբահանության, ինչպես նաև այլ խնդիրների աստիճանական լուծման համար: Այդ դեպքում այլևս ստիպված չէինք լինի ամեն անգամ լսել «միջոցները չեն բավարարում» բոլորի բերանի ծամոնը դարձած արտահայտությունը: Հ.Գ. Ի դեպ` եթե տոնակատարությունների համար այդպիսի գումարներ, այնուամենայնիվ, ծախսվելու են, միգուցե արժե՞ նախագահի ու Կաթողիկոսի առջև թռվռացող կիսատկլոր բաղաձայնների հավաքույթի փոխարեն ավելի բարձրակարգ ու որակյալ արտիստների հրավիրել... Անի Պապոյան / PanARMENIAN News Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |