Շահան Քանդահարյան. Թուրքիան համաձայնեցված վայրէջքին էլ պարտադիրի բնույթ է տալիս

Շահան Քանդահարյան. Թուրքիան համաձայնեցված վայրէջքին էլ պարտադիրի բնույթ է տալիս

PanARMENIAN.Net - Երևանից Հալեպ մեկնող հայկական բեռնատար օդանավի Էրզրումի օդանավակայանում վայրէջք կատարելը, կասկածից վեր է, որ քաղաքականացված պրիզմաների տակ պիտի դիտարկվեր: Այս մասին ասվում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանի հոդվածում: Նա, մասնավորապես, գրում է, որ այդպես էլ եղավ, անշուշտ. օդանավը հազիվ վայրէջք կատարած` թուրքական զանգվածային լրատվամիջոցները, որոնց զուգահեռ և համընթաց աշխուժացավ նաև միջազգային լրատվադաշտը, ողողեց լրատու գործակալությունների տարածքների բոլոր տարբերակները, վայրէջքի պարտադիր և հանկարծակի բնույթի մասին լուրերով:

Ժամանակի ոչ ուշ կտրվածքով հայկական կողմը պարզաբանեց, որ վայրէջքը ոչ միայն պարտադիր չէր, այլ նախապես համաձայնեցված էր երկու կողմերի միջև: Ավելին. մի քանի շաբաթից ավելի հայկական կողմը թղթատարարական աշխատանքը ամբողջացնում էր թուրքական տրամադրելի օդանավակայանում վայրէջք կատարելու, համապատասխան ստուգումների ենթարկվելուց հետո դեպի Հալեպ ուղևորությունը շարունակելու համար:

Պարզ է, որ թուրքական կողմը ի սկզբանե և պաշտոնապես իր համաձայնությունը տվել էր հայկական օդանավի կարճատև կանգառին, նախապես իմանալով, որ բեռնատար օդանավը կրելու է բացառապես մարդասիրական բնույթի օժանդակություն` սննդամթերրք, նշում է հոդվածագիրը:

Թուրքիայի օդային տարածքը կտրող և Ռուսաստան-Սիրիա ճանապարհը իրականացնող ուղևորատար օդանավի հարկադիր վայրէջքից հետո, Անկարան կնախընտրեր կանխավ չտեղեկացնել իր պաշտոնական և ոչ-պաշտոնական լրատվամիջոցներին հայկական կողմի հետ կայացած համաձայնության մասին: Այս նշանակում էր պարզապես, որ վայրէջքից անմիջապես հետո թուրքական և միջազջային լրատվադաշտերը պիտի հորդեին վայրէջքի բնույթի մասին հսկայածավալ ապատեղեկատվությամբ` դեպի Սիրիա ուղևորվող ահավասիկ երկրորդ օդանավն էր, որ հար և նման Ռուսաստան-Սիրիա թռչող օդանավին, թուրքական կործանիչների ճնշման տակ կպարտավորվեր վայրէջք կատարել, գրում է Քանդահարյանը:

Ըստ հեղինակի, Սիրիայի նկատմամբ պատերազմական նախաշեմի կարգավիճակ ցուցադրող Անկարան պատահարները կտեղադրեր նման ցուցադրություն աշխարհին փոխանցելու իր քաղաքականության շրջածիրում: Սահմանագծին թուրքական ուժերի կուտակում, պատերազմ սկսելու հանկերգի անընդմեջ կրկնում, պատերազմի նախապատրաստության մեջ ՆԱՏՕ-ին ներքաշելու փորձերը և նմանատիպ երևույթները վկայում են այդ փաստի մասին:

Լրատվամիջոցներին այս մասին չտեղեկացնելուն կհետևեր նաև առաջացած լրատվական մառախուղը չփարատելու կամ թողարկված լուրերն ու մեկնաբանությունները չհերքելու Անկարայի քարոզչամեքենայի քաղաքականությունը: Թուրքական լրատվամիջոցները պետք է շարունակեին զուգահեռնել գծել Մոսկվա-Դամասկոս և Երևան-Հալեպ թռիչքների և մանավանդ նրանց վայրէջքի գործողություններին միջև: Հստակ էր, որ առաջինը հանկարծակի էր, կործանիչների ճնշման տակ, մինչ երկրորդը նախապես համաձայնեցված կանգառ էր:

Բայց թուրքական խաղը չէր դիմացել զուտ լրատվական ապատեղակատվության սահմաններից դուրս չգալու փորձությանը:

Թուրքիայի վարչապետը ի՛նքն էր մատնել իր պետության կիրարկած կրկնակի խաղը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը այսօր պարտադիր վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում, արձանագրված խախտումների պատճառով:

«Վայրէջքը իրականացվել է մի շարք խախումների պատճառով, սակայն քննություններից հետո օդանավը մեկնել է, քանի որ հետևանքներ առաջացնող որևէ խնդիր չի հայտնաբերվել» հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը այնպես էլ չի նշում թե ի՞նչ են այն խախտումները, որոնք արձանագրել է հայկական օդանավը: Այստեղ սակայն, բեմագրությունը բոլորովին այլ է: Թռիչքը, որովհետև անորոշ խախտումներ է արձանագրել, պարտադիր վայրէջք է կատարել, նշում է հոդվածագիրը:

Տրամաբանությունը երկու տարբերակ է հուշում: Երրորդը բացառված է:Կա՛մ այն է, որ թուրքական համապատասխան ծառայությունները տեղյակ չեն պահել իրենց վարչապետին, որ հայկական կողմի հետ պայմանավորվել են և համաձայնել` նախատեսելի վայրէջքի մասին, կա՛մ էլ` վարչապետը տեղյակ լինելով հանդերձ շրջում է իրողությունը: Չզբաղվենք առաջին վարկածի անհեթեթությամբ և վերահամոզվենք, որ թուրքական ցուցադրականության լրիվ ծառայեցնելու փորձ է կատարվել պարզապես: Էրդողանի հայտարարությունը անմիջապես նախքան Բաքու մեկնելով բացատրությունը մեծ կարևորություն չունի այստեղ:

Այսօրվա պատկերը այն է, որ Եվրամիությունը իր օդային տարածքը փակում է դեպի Սիրիա իրականացվող բոլոր տեսակի թռիչքների առջև, մինչ Թուրքիան պարտադիր և համաձայնեցված վայրէջքներ է կատարել տալիս։ Համաձայնեցվածին էլ պարտադիրի բնույթ ցուցադրելով:

Partner news
 Ուշագրավ
Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար
Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին
Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է
«Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը
Partner news