«Հայացք». Նոր բացահայտում ոստիկանապետի տեղակալի սպանության գործով

«Հայացք». Նոր բացահայտում ոստիկանապետի տեղակալի սպանության գործով

PanARMENIAN.Net - «Հայացք» օրաթերը նոր մանրամասներ է ներկայացնում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության վերաբերյալ:

Թերթը գրում է. «Հավանաբար քչերը գիտեն, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների նկատմամբ խարդախության համար պատիժը կրելուց հետո, այս ամռանը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Գրիգոր Իգիթյանը: Խոսքն այն անձնավորության մասին է, որը որոշակի նախադրյալների, ցուցմունքների հիման վրա իրավապահների (և ոչ միայն) կողմից կասկածվում էր ու միգուցե հիմա էլ կասկածվում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունը կատարելու մեջ: Ոստիկանության կոլեգիայի 2010 թ. փետրվարի 5-ի նիստում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Գ.Իգիթյանին նկատի ուներ հետևյալ հայտարարությամբ. «Հանցագործության բացահայտման ուղղությամբ ունենք որոշակի ձեռքբերումներ, անձնակազմն այդ մասին արդեն գիտի, պարբերաբար ես ներկայացնում եմ: Տարվում են ամենօրյա օպերատիվ աշխատանքներ, որոնք, համոզված եմ, այս տարվա ընթացքում կտան իրենց դրական արդյունքը»: Ոստիկանապետը հենց նրան նկատի ուներ` 2010 թ. ապրիլի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարելով, որ կալանավայրերում գտնվող մարդիկ կան, որ թեև «Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով են կալանավորված, այնուամենայնիվ, առնչություն ունեն Գևորգ Մհերյանի սպանության հետ` ըստ քրեական գործում տեղ գտած փաստարկների»: Եվ, ահա, այդ նույն Իգիթյանն ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց հանդես է եկել սենսացիոն հայտարարություններով լի պարզաբանմամբ, ըստ որի, ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր հնարքներով փորձել են հասնել նրան, որ ինքն իր վրա վերցնի Գ.Մհերյանի սպանությունը: Եթե Իգիթյանն իրոք ճիշտ է ասում, ապա, բնականաբար, հարց է առաջանում, թե ՀՀ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի այժմ արդեն նախկին պետ, ոստիկանության բարձրաստիճան սպա Արթուր Մարգարյանն ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ է գնացել այդ քայլին` շատ լավ իմանալով, որ Գ.Իգիթյանին համոզելու և վերջինիս կողմից տվյալ հանցանքի կատարումն իր վրա վերցնելու դեպքում, ազատության մեջ կմնար փոխոստիկանապետի իրական սպանողը, թերևս նաև` սպանության պատվիրատուն: Ավելին, ծառայելով ոստիկանության բոլորովին այլ, Մհերյանի սպանության գործի քննության հետ որևէ կապ չունեցող ստորաբաժնում, նա ինչո՞ւ է միջամուխ եղել այդ գործին: Հիշյալ հայտարարությունը կատարելուց առաջ Գ.Իգիթյանն ասել է. «Քանի որ հայտարարության մեջ հնչելու են մարդկանց անուններ և, ամենայն հավանականությամբ, նրանց կողմից կատարված իրավախախտումների մասին, և այդ մարդիկ հզոր ուժ են իրենցից ներկայացնում, ես կցանկանայի, որ, առաջին հերթին, ապահովեին այս հայտարարությունը հրապարակելուց հետո իմ և իմ ընտանիքի անվտանգությունը` այն պատճառով, որ նման փորձեր եղել են, եղել է կյանքի սպառնալիք իմ նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ»:

Իգիթյանը պատմել է նաև, թե ինչպես Մհերյանի սպանությունից երևի մոտ 2 ժամ հետո երկու ոստիկան գալիս են իրենց տուն և իրեն տանում ՀՀ ոստիկանության գլխավոր շենք, գլխավոր մուտքով բարձրացնում ՀՀ ոստիկանապետի աշխատասենյակ (այդ ժամանակ Գ.Իգիթյանին խարդախության համար դատապարտող դատավճիռն արդեն կայացված էր), ուր իր եղբոր` Խորեն Իգիթյանի ներկայությամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իրեն հարցնում է` ի՞նչ կխմես... Ի դեպ, որքան տեղյակ է թերթը, Ա.Սարգսյանը քավոր-սանիկային հարաբերություններով կապված է Արթուր Մարգարյանի ընտանիքի հետ»,- գրում է թերթը:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news