20 հոկտեմբերի 2012 - 14:25 AMT
Մոտակա օրերին պարզ կլինի՝ արդյո՞ք Վարդենիսում հայտնաբերված հիվանդությունը սիբիրախտ է

ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ: Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ իրականացվում է կանխարգելիչ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Վարդենիսում շուրջ տասը մարդ վարակվել է այդ հիվանդությամբ և գտնվում է «Մարտունի» բժշկական կենտրոնում: Բուժկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը թերթի թղթակցին փոխանցել է, որ բոլոր տասը դեպքերում սիբիրախտ ընդամենը կասկածվում է, և միայն լաբորատոր հետազոտության արդյունքների ստացումից հետո հնարավոր կլինի հստակ ասել` հիվանդների մոտ իսկապես սիբիրա՞խտ է, թե՞ ոչ: Լաբորատոր հետազոտության արդյունքներն, ըստ նրա, հայտնի կդաոնան գալիք շաբաթվա սկզբին: