Ներքաղաքային երթուղիներից գումարներ գանձվել են Գյումրու բյուջե՞, թե՞ Վարդան Ղուկասյանի որդու գրպանը

Ներքաղաքային երթուղիներից գումարներ գանձվել են Գյումրու բյուջե՞, թե՞ Վարդան Ղուկասյանի որդու գրպանը

PanARMENIAN.Net - Երեկ Գյումրու ներքաղաքային երթուղին սպասարկող մի շարք երթուղայիններ գործադուլ են հայտարարել և գիծ դուրս չեն եկել: Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը «համարձակվել է» զգուշացնել, որ երթուղային տաքսիներից գանձվող գումարներն այսուհետ մտնելու են քաղաքապետարանի բյուջե, իսկ դա դուր չի եկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա շրջապատին: Բանն այն է, որ տարիներ շարունակ վարորդներն օրվա վերջում այդ գումարները փոխանցել են նրա որդուն կամ որդու ընկերներին:

Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը վստահեցնում է՝ Ղուկասյանի որդին կապ չի ունեցել Գյումրու ներքաղաքային երթուղին սպասարկող երթուղայիններից գանձվող գումարների հետ: «Ես չգիտեմ, ո՞վ է այդ լուրը տարածել: Գյումրու քաղաքապետարանը այն եզակիներից է, որ կարողացել է կազմակերպել երթուղիների աշխատանքներն այնպես, որ գումարները գանձվել են քաղաքային բյուջե: Ամոթ է, էլ բան չկա ասելու, արդեն ասում են, որ քաղաքապետի տղան էր գանձում»,-PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց նա:

Թերթը գրում է նաև, որ գյումրեցիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Վ. Ղուկասյանը հրահանգել է անօրինական և օրինական աշխատող երթուղայինների վարորդներին ցանկացած պահի պատրաստ լինել համընդհանուր գործադուլ անցկացնելուն, եթե հանկարծ Բալասանյանը կրկին պահանջի գանձվող գումարները հատկացնել քաղաքապետարանին: Պարզաբանելով այս հարցը՝ նախկին քաղաքապետի խոսնակն ասաց. «Ես չգիտեմ, գործադուլ են հայտարարել վարորդները, թե ոչ, բայց կարծում եմ, որ երևի պատճառն այն է, որ առաջարկվող պայմանները դուր չեն եկել վարորդներին»:

Այս ամենի վերաբերյալ PanARMENIAN.Net ի թղթակցին Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանն ասաց. «Քաղաքապետարանի կողմից իրականացվում է գույքագրում, ստուգումներ, կատարվել են երթուղիների հաշվառում, ինչը չէր կարող խանգարել երթուղիների աշխատանքին»:

Բալասանյանի խոսնակը տեղեկություն չուներ վարորդների գործադուլի մասին: Իսկ Ղուկասյանի որդու՝ ներքաղաքային երթուղիներից գումարներ գանձելու մասին ասաց. «Հրավիրվելու են ստուգումներ իրականացնող կազմակերպություններ, որոնք կպարզաբանեն այդ հարցը: Ես այս պահին ո´չ կարող եմ հերքել, ո´չ հաստատել այդ տեղեկությունը»:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news