Ջիգարխանյանի «Քաջ Նազար» բեմադրության համար աճուրդ կանցկացվի

Ջիգարխանյանի «Քաջ Նազար» բեմադրության համար աճուրդ կանցկացվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Ani Plaza հյուրանոցում Արմեն Ջիգարխանյանի կողմից «Քաջ Նազարի» բեմադրության համար աճուրդ կկազմակերպվի: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, աճուրդը կանցկացվի «Style Screen» նախագծի շրջանակում` հայ-իտալական «Amore» հոլդինգի հետ համատեղ: «Նախագծի նպատակն ի սկզբանե ոճային հագնվող ու հայտնի մարդկանց վեր հանելն է, հանրությանը նրանց ծանոթացնելն ու ոճ թելադրելը: Բայց մյուս կողմից այս տարվա միջոցառումն ունի նաև բարեգործական նպատակ. աճուրդի ժամանակ վաճառված իրերից ստացված հասույթը կուղղվի Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հանրահայտ հեքիաթի բեմադրությանը ճանաչված դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի կողմից»,- նշեց նա:

Հայ-իտալական «Amore» հոլդինգի հիմնադիր տնօրեն Աննա Սանտոպատրին նշեց, որ «Style Screen» նախագիծը Երևանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: «Հոկտեմբերի 25-ին Ani Plaza հյուրանոցում կներկայացվեն մեկ տարվա ընթացքում հատուկ ժյուրիի կողմից ընտրված ամենաոճային մարդիկ շուրջ 20 տարբեր ոլորտներից, և տեղի կունենա նրանց մրցանակաբաշխությունը: Դրանից հետո կանցկացվի աճուրդ, որտեղ իրենց լոտերը կներկայացնեն ինչպես «Amore» հոլդինգը` մի քանի կաշվե իրեր, այնպես էլ այլ կազմակերպություններ և անհատներ: Աճուրդից ստացված ողջ հասույթը կուղղվի ներկայացման բեմադրությանը»,- ասաց նա:

Հատուկ ժյուրիի կազմում ընդգրկված էր «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինա Դնոյանը, որն իր հերթին հավելեց, որ նախագծի շրջանակում առաջին տարվանից համագործակցում է «Amore» հոլդինգի հետ և ողջունում է այդ նախագիծը` շեշտելով, որ նման միջոցառումները միտված են բացահայտելու ոճային մարդկանց:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---