«Հայացք». Նոր մանրամասներ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով

«Հայացք». Նոր մանրամասներ փոխոստիկանապետ  Գևորգ Մհերյանի սպանության գործով

PanARMENIAN.Net - «Հայացք» օրաթերթը նոր մանրամասներ է հրապարակել փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով: Թերթը իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների նկատմամբ խարդախության համար դատապարտված Գրիգոր Իգիթյանը քրեակատարողական հիմնարկից այս ամռանն ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց, իրավապահներից նախապես խնդրելով ապահովել իր և ընտանիքի անվտանգությունը, հանդես է եկել սենսացիոն տեղեկություններ պարունակող հայտարարությամբ: Ըստ այդմ, ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր հնարքներով փորձել են հասնել նրան, որ ինքն իր վրա վերցնի փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը: Մեր հոդվածի հենց հաջորդ օրը «Ժողովուրդ» օրաթերթում անդրադառնալով «Հայացքում» հրապարակվածին, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ուշագրավ պատասխաններ է տվել:

«Ի սկզբանե նշենք, որ հակված չենք Գ. Իգիթյանի բոլոր ասածները հալված յուղի տեղ ընդունել, բայց, հնարավոր է նաև, որ նրա հայտարարությունում կա ճշմարտություն: Կան հարցեր, որ դեռ պատասխան չունեն, կան շատ խնդիրներ, որ դեռ պետք է պարզվեն քրեական գործի նախաքննությամբ: Հրապարակելով Գ. Իգիթյանի հայտարարությունից առանձին դրվագներ, մենք հիմնականում նպատակ ունենք հնարավորինս աջակցել փոխոստիկանապետի սպանության բացահայտման ուղղությամբ իրականացվող նախաքննությանը:

Համառոտ հիշեցնենք, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների նկատմամբ խարդախության համար դատապարտված Գ. Իգիթյանը որոշակի նախադրյալների, ցուցմունքների հիման վրա իրավապահների (և ոչ միայն) կողմից կասկածվում էր ու միգուցե հիմա էլ կասկածվում է փոխոստիկանապետ Գ. Մհերյանի սպանությունը կատարելու մեջ:

Իր հայտարարությունում Գրիգոր Իգիթյանը պատմում է, որ իր, կալանավորներից ինչ-որ Մարիկյանի և Արթուր Մարդանյանի զբոսանքի ընթացքում վերջինս, իրեն անհայտ պատճառով, հանկարծ սկսել է գոռալ` «Արա, էդ դու ընչի՞ ինձ ասեցիր էդ Մհերյանի սպանության մասին, արա, ուզում ես իմացող թաքցնող ըլնե՞մ, արա ընչի՞ ասեցիր քո կարմիր «Մերսեդեսի» մասին, արա ընչի՞ ասեցիր, որ դու իրա հարևանից կախում ունես»:

Գ. Իգիթյանի տեղեկացմամբ, դրանից հետո Ա. Մարդանյանը մատը դրել է բերանին, ասել` սուս, տես այնտեղ կամերա է դրած, այնտեղ սա է դրած: Երբ ներս են եկել, ինքն ասել է` լսի, դու աննորմա՞լ ես, այս ի՞նչ ես ասում, բայց Մարդանյանը մատը դրել է բերանին` սուս, սուս, բան չասես: Գ. Իգիթյանի տեղեկացմամբ, ինքը շատ է զարմացել, գնացել, կատարվածի մասին տեղյակ է պահել պետի տեղակալին, իսկ որոշ ժամանակ անց Ա. Մարդանյանն իրեն ասել է` «Երկու-երեք հոգի եկել են այստեղ, վզիցս բռնել են, մի հատ տեքստ են դեմ տվել, ասել են` էս տեքստը կկարդաս, անգիր կանես, կգնաս կամերում կգոռաս, որ հետո հարցնող լինի, կասես կինոյի սցենար էի պատմում, որովհետև ոնց որ էտի չի եղել»:

Նրա տեղեկացմամբ, այստեղ 3-4 ժամ սպասելուց հետո, ժամը 2-3-ի կողմ իրեն մտցնում են 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանի (այժմ` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ) աշխատասենյակ, այստեղ են լինում նաև փաստաբանը և մի մարդ, որը ներկայացել է որպես Հատուկ քննչական ծառայության պաշտոնյա, Հեկտոր Սարդարյան անուն ազգանվամբ: Դարձյալ ըստ Իգիթյանի, Բաբակեխյանն իրեն ասել է` «Դու գիտես, որ երկու ախպերներիցդ մեկն եք սպանել Գևորգ Մհերյանին»: Ինքը հարցրել է, թե Բաբակեխյանն ինչի՞ց է դա ենթադրում:

Ըստ նախկին ամբաստանյալի, ինքը գնացել է մի քանի սենյակ այն կողմ, մտցրել են մի սենյակ, և չնայած խոստացած առանձին հանդիպմանը, եղբոր հետ իր զրույցին ներկա են եղել փաստաբան Սեյրան Գրիգորյանը և Հեկտոր Սարդարյանը:

Ըստ Գ. Իգիթյանի, իր նկատմամբ պարզ սպառնալիք է եղել, Կարեն Բաբակեխյանն ասել է` երկու ախպերներիցդ մեկը պետք է նստի, մտածի, արի ինձ ասա` երկու ախպերներիցդ ո՞րն եք:

Հայտարարության հեղինակի տեղեկացմամբ, հաջորդ օրն իրեն դարձյալ 6-րդ վարչություն, Կարեն Բաբակեխյանի սենյակ են տանում, հետո բերում են Խորենին, բայց մինչ նրան ներս բերելը, ցույց են տալիս Խորենի ցուցմունքը, որտեղ Խորենն ասել է, որ, հնարավոր է, եղբայրս լինի:

Էդ ժամանակ Հեկտոր Սարդարյանն ասում է` հլա պատմի ո՞նց ա եղել, զենքը բա ո՞ւր ա: Ասում եմ` ես ի՞նչ իմանամ զենքը ուր ա, երևի շպրտել եմ, ասում է` «երևի»-ով չի լինի, բա ինչո՞վ ես գնացել այնտեղ, ավտոդ կանգնած է: Ասում եմ` երևի տաքսիով: Ասում է` չի լինի, այնտեղ տաքսի չի հայտնաբերվել, ի՞նչ տաքսի, ասում եմ` «06», ասում է` այնտեղ այդպիսի մեքենա չի հայտնաբերվել, ըտենց չի լինի: Էդ ժամանակ Հեկտոր Սարդարյանը երևի հասկանում է, որ իրեն էլ են թյուրիմացության մեջ դրել... Ու Հեկտոր Սարդարյանն էդ թուղթը հետ ա քաշում, ասում է` ես գնամ, էսի, ասենք, ստորագրեցիր, ես ո՞նց ապացուցեմ, գլխավոր դատախազին ի՞նչ ասեմ, հա, մեղայական է, բայց էս մարդը բանից բեխաբար է, տեղյակ չի»:

Ըստ Գ. Իգիթյանի, դրանից կարճ ժամանակ անց Խորենը սկսել է ցուցմունք գրել, կարծես սթափվել է, գործը գնացել է հակառակ ընթացքով...

Եթե ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի տեղակալի կողմից իսկապես կասկած է եղել (իսկ կասկածելու հիմքեր իրոք կային ու, թերևս, հիմա էլ կան), որ Գ. Մհերյանին սպանողը Գ. Իգիթյանը կամ Խ. Իգիթյանն է, ապա հանցագործության բացահայտման նպատակով նրանց նկատմամբ հոգեբանական ճնշումը միանգամայն բնական է, հո չէ՞ր ասելու` կասկածյալ ջան, արի խոստովանի, որ դու ես արել: Բայց հոգեբանական ճնշումը ճշմարտությունը բացահայտելու նպատա՞կ է ունեցել արդյոք, թե՞ նպատակն ուղղակի եղել է այն, որ Գ. Իգիթյանը Մհերյանի սպանությունն իր վրա վերցնի ու գործը դրանով փակվի: Սա խնդիր է, որ պետք է իրավապահները պարզեն: Այս առումով, կարծում ենք, ուշագրավ է Գ. Իգիթյանի հայտարարության մեկ այլ դրվագ. «Դրանից հետո գալիս է բանտ (ես օրը, ժամը կարամ ասեմ, հիմա չեմ ասում, պատճառներ ունեմ), գալիս է ինձ մոտ այցելության նույն Մարգարյան Արթուրը, ասում է` գիտես ինչ, ախպերդ ասել ա, որ դու ուրիշ ավտո ես ունեցել, զենք ես ունեցել` «Մակարով», և ուրիշ հեռախոս: Ասում եմ` ախպերս ըտենց բան չի կարա ասած լինի, որովհետև դու էլ գիտես գոնե, որ ես ուրիշ ավտո չեմ ունեցել, ես վերջին անգամ 28 տարեկան ժամանակ եմ զենքի ձեռք տվել, երբ որ սպորտով էի զբաղվում, և ես ուրիշ հեռախոս չեմ ունեցել:

Ասում է` ամեն դեպքում, դու քո վրա պտի վերցնես, որովհետև Մհերյան Գևորգը ըսենց է արել, քանդել ա ոստիկանությունը, Մհերյան Գևորգն ինքն ա քեզ գցողը, դու կդառնաս ազգային հերոս, եթե քո վրա վերցնես, ամեն դեպքում, մտածի, 5 օրից կգամ պատասխանի հետևից: Ես ասում եմ` լսի, դրա հետ, դու էլ գիտես, ես էլ գիտեմ, որ կապ չունեմ, դու հո ինձ զանգել ես էդ օրը, տեսել ես Խորենը տունն է, Խորենն էլ ինձ ա զանգել, ես էլ տունն եմ: Բացի դրանից, դու ինքդ էլ շատ լավ գիտես, որ ինձ էդ գործը սարքելու մեջ... Չէ՞որ էն ժամանակ մենք քեզ պատմում էինք, թե ովքեր կարան ըլնեն: Մհերյան Գևորգը, հենա, հայտնվել ա տեսադաշտում 2003 թե 2004 թվականի սկզբներին, երբ որ ինքը վերահսկում էր, դրանից հետո Մհերյան Գևորգի անունը չեմ լսել:

Դրանից հետո ուրիշ մարդկանց` Ջհանգիրյան Գագոյի անունը լսել եմ, Ժորայի մասին լսել եմ` դատավոր, Հովսեփ Սարգսյանը, որ գլխիս սարքում էր, ինքը իրա բերանով չի ասել ուղղակի, բայց, գիտես ինչ ա, անմեղ մարդուն բերդ ուղարկելը գիտես հե՞շտ ա, ձեռները դողում էր, երբ որ ինձ մեղադրանք էր առա... Բայց ի՞նչ կապ ունի ըստե Մհերյան Գևորգը, բացի դրանից, ընչի՞ պտի սպանեի, հենա` Նաջարյանին կսպանեի, կսպանեի Շահբազյան Լեռնիկին (դատախազ` արդեն նախկին.- Ա. Հ.), կսպանեի Աշոտ Պողոսյանին... Մի խոսքով, 5 օր հետո նորից ինքը գալիս ա, նորից ինձ համոզում ա, ոչինչ չի ստացվում, բնականաբար»:

Կհաջողվի՞ իրավապահներին պարզել` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մտերիմ, այն ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ղեկավար, բարձրաստիճան սպա Արթուր Մարգարյանն իսկապե՞ս այցելել է կալանավայրում գտնվող Գրիգոր Իգիթյանին: Եթե պարզվի, որ, իրոք, եղել է այդպիսի այցելություն, ապա, կարծում ենք, լուրջ ու հեռուն գնացող հարցեր առաջ կգան:

Այնուամենայնիվ, Գ. Իգիթյանի փորձը` տպավորություն ստեղծել, թե ինքը Գ. Մհերյանի հետ խնդիր կամ նրան սպանելու պատճառ չուներ, եթե սպանելու լիներ, իր հանդեպ քայլեր կատարած, իր սեփականության նկատմամբ ոտնձգած այլոց կսպաներ, կարծում ենք, անհաջող է ու չստացված (նա ինչո՞ւ է փորձում թյուր տպավորություն ստեղծել): Որքան տեղյակ ենք, հենց Մհերյանի կողմից Նաջարյաններ-Իգիթյան գույքային վեճի հետ կապված (գույքի արժեքը մի քանի մլն դոլարի է հասնում) խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու արդյունքում է, որ քրեական, դատավարական գործընթացները շուռ են եկել ի վնաս Գ. Իգիթյանի: Այսինքն` վերջինս առավել մեծ պատճառ ուներ ոչ թե այլոց, այլ հենց նրան սպանելու: Սա, իհարկե, չի բացառում, որ փոխոստիկանապետին սպանողը կամ սպանության պատվիրատուն հրաշալի իմանալով վերոնշյալի մասին, չի օգտվել հենց այդ առիթից` հաշվարկելով, որ գրեթե բոլորի կասկածներն Իգիթյանի ուղղությամբ են լինելու: Այս առումով ճշմարտությունը պարզելն իրավապահների առաքելությունն է», -գրում է թերթը:

Partner news
 Ուշագրավ
Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին
«Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Partner news