Լեզվաբան. Հայաստանում հումորային գովազդը ժարգոնային խոսք է ենթադրում

PanARMENIAN.Net - Հայաստանում հումորային գովազդը ժարգոնային խոսք է ենթադրում: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Նրա խոսքով` լեզվի ճիշտ և գրագետ կիրառման տեսակետից գովազդի մի քանի խումբ կարելի է առանձնացնել: «Ժարգոնային հումորով համեմված գովազդը հենց այդ խմերից մեկի մեջ է մտնում. նոր հնարված բառախաղերն ու ականջին անսովոր տարօրինակ արտահայտությունները հումորային գովազդ կառուցելու հիմնական սկզբունքն են դարձել: Մյուս խմբում օտար լեզվով, բայց հայերեն թարգմանված գրություններով գովազդն է, որը հայախոս հեռուստադիտողի շահի ոտնահարում կարելի է համարել. Դա օտարամոլության դրսևորում է: Երրորդ խմբում հայոց լեզվի խեղաթյուրումներով գովազդն է, որը ամենախայտառակ սխալներով գնում է եթեր: Դա խոչընդոտում է նաև մայրենի լեզվի ճիշտ ուսուցմանը, քանի որ դպրոցում երեխաներին մի բան են սովորեցնում, իսկ հեռուստատեսությունը մեկ այլ բան է լսելի դարձնում նրանց ականջին, նրանք ապակողմնորոշվում են»,- ասաց նա` հավելելով, որ կարելի է առանձնացնել նաև գովազդների մի փոքր խումբ, որը ճիշտ և ընդունելի հայերենով է սկզբից մինչև վերջ:

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանն իր հերթին նշեց, որ այսօր հայկական գովազդը մեծ առաջընթաց է ապրել հոգեբանական ազդեցության առումով: «Բայց հաճախ հոգեբանական ազդեցության առումով շատ նրբություններ հաշվի չեն առնում, ինչն էլ հենց կարող է կողմնորոշող դառնալ: Գովազդը մեր կամքից անկախ ներշնչանք է, ընդ որում անուղղակի գովազդը հաճախ շատ ավելի ուժեղ է ազդում մարդու հոգեբանության վրա»,- ասաց նա` ափսոսանք հայտնելով, որ այսօր հայկական եթերում պակասում է առողջ ապրելակերպ քարոզող գովազդը:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news