Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը և «Մթնշաղ» սագայի վերջին սերիան նոյեմբերից կցուցադրվեն Երևանում (վիդեո)

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը և «Մթնշաղ» սագայի վերջին սերիան նոյեմբերից կցուցադրվեն Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերին «Մոսկվա» կինոթատրոնում 6 նոր ֆիլմի ցուցադրություն է սպասվում: Երևանյան պրեմիերաների շարքը կբացի Ջեյմս Բոնդի մասին 23-րդ ֆիլմը, որը կրում է «Սքայֆոլ» անվանումը: 007 գործակալի մասին հերթական արկածային մարտաֆիլմի ռեժիսորը Սեմ Մենդեսն է, գլխավոր դերում` Դենիել Քրեյգը, իսկ սաունդթրեքը Ադելի հեղինակած «Skyfall» երգն է: Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ երեկ` հոկտեմբերի 23-ին, Լոնդոնում` «Ալբերտ հոլ» Թագավորական արվեստների սրահում, իսկ պաշտոնական համաշխարհային պրեմիերան ծրագրված է հոկտեմբերի 26-ին: Երևանում ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 5-ից:

Նոյեմբերի 8-ից կցուցադրվի Ռոբ Կոենի «Ես Ալեքս Քրոսն եմ» քրեական տրիլերը: Հայտնի խուզարկու Ալեքս Քրոսը շարժվում է սերիական մարդասպանի հետքերով: Գլխավոր դերերում են Թայլեր Փերին, «Կորուսյալները» սերիալից հայտնի Մեթյու Ֆոքսը և Ժան Ռենոն: Ֆիլմի կարգախոսն է. «Դաժան հանցագործություն: Այլասերված մարդասպան: Մահացու խաղ»: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին:

«Մատրիցա» եռամասի հեղինակ Վաչովսկի եղբայրների «Ամպային ատլաս» պատմաֆանտաստիկ ֆիլմը Կինոմոսկվայում կցուցադրվի նոյեմբերի 9-ից: «Ամեն ինչ փոխկապակցված է» կարգախոսով ֆիլմը պատմում է միևնույն հոգու 6 ինկարնացիաների մասին, որոնցից երկուսը տեղի են ունենում ապագայում: Գլխավոր դերերում հանդես են գալիս Թոմ Հենքսը, Հյու Գրանտը, Հելի Բերին և այլ հայտնի դերասաններ: Համաշխարհային պրեմիերան կայացավ սեպտեմբերի 8-ին Կանադայում:

«Մոսկվա» կինոթատրոնը նոյեմբերից կցուցադրվի նաև 3D ձևաչափի անիմացիոն ֆիլմ` «Երազների պահապանները»: Մանկական երազները փրկելու համար տարբեր հեքիաթների հերոսները միավորվում են: Հոկտեմբերի 10-ին Միլ-Վելիում կայացած կինոփառատոնին տեղի ունեցավ մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան, իսկ Երևանում այն կցուցադրվի նոյեմբերի 16-ից:

Նոյեմբերի 22-ին սպասվում է «Մթնշաղ» հանրահայտ սագայի վերջին սերիայի` «Մթնշաղ: Սագա. Լուսաբաց. Մաս 2-րդ»-ի երևանյան պրեմիերան: Բիլ Քոնդոնի հեղինակած ֆիլմը կեզրափակի աղմակահարույց ֆիլմաշարը: Համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 14-ին եվրոպական 6 երկրներում:

Նոյեմբերի 23-ից Կինոմոսկվայում կցուցադրվի նաև Դևիդ Օ. Ռասելի «Իմ ընկերը գիժ է» կատակերգական դրաման, օրիգինալ անվանումը` «Հույսի շողերի ժողովածու»: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Բրեդլի Քուփերը, Ջենիֆեր Լոուրենսը և Ռոբերտ Դե Նիրոն: Ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ:

Partner news
 Ուշագրավ
Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից
Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։
Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։
Partner news