Հայաստանը մասնակցում է Կոպենհագենում բացված միջազգային ճարտարապետական ցուցահանդեսին![]() 25 հոկտեմբերի 2012 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Կոպենհագենի քաղաքապետարանում բացվեց «Ազգային ճարտարապետության ժամանակակից միտումները» խորագրով միջազգային ճարտարապետական ցուցահանդեսը` Նորին թագավորական մեծություն Արքայազն-կոնսորտի հովանու ներքո: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Կոպենհագենի քաղաքային Խորհրդի, Կոպենհագենում հավատարմագրված դեսպանությունների և Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի (KUKS) կողմից: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ցուցահանդեսին 27 դեսպանություններ ներկայացրեցին իրենց երկրների ճարտարապետությունը` ազգային յուրահատկություններով և ձևերի բազմազանությամբ: ՀՀ դեսպանության վահանակը ձևավորել էին դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենը, ինչպես նաև Հայաստանից «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետներ Նարբեհ Բեդրոսյանն ու Մերուժան Մինասյանը: Հայկական պատմական ճարտարապետական կոթողների հետ միասին ցուցադրված էին 1998թ. կառուցված Սուրբ Վարդանանց նահատակաց եղեղեցու (ճարտարապետներ` Ա.Մխիթարյան, Արթուր Մանուկյան, Արթուր Սուքիասյան), 2001թ. կառուցված Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մուտք-խորանի (ճարտարապետներ Ջիմ Թորոսյան և Ռոմեո Ջուլհակյան) և Սուրբ Խաչ մատուռի (ճարտարապետ` Սարգիս Սարդարյան-Ջուլհակյան) լուսանկարները, ինչպես նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծրագիր-մրցույթին մասնակցած ճարտարապետներ Էրիկ Օհանյանի, Արման Ալավերդյանի, Ագաթա Հարությունյանի, Անուշ Հարությունյանի ու Կարեն Բալայան-Ջուլհակյանի նախագծերը: Ցուցահանդեսում հայկական ճարտարապետության պատմության բաժինը ներկայացված էր ուրարտական շրջանից մինչ մեր օրերը` ընդգծելով Հայաստանը որպես քրիստոնեական ճարտարապետության օրրան, ինչպես նաև նշելով բյուզանդական և իսլամական ճարտարապետության մեջ հայ ճարտարապետների ու արհեստավորների մշտապես թողած ուշագրավ հետքերի մասին: ՀՀ դեսպանության վահանակի հետ միասին ցուցադրված էին հայկական տուֆ քարերի նմուշները և դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի «Լույսի մասնիկներ սև այգու շուրջ. կովկասյան եկեղեցին արևելքի և արևմուտքի խաչմերուկում» դանիերեն լեզվով գիրք-ալբոմը, որն ամբողջությամբ նվիրված է հայկական եկեղեցական ճարտարապետությանը: Partner news Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Partner news |