Նախանշվել են Հայաստանի ու Կոստա Ռիկայի փոխգործակցության զարգացման ուղիները

Նախանշվել են Հայաստանի  ու Կոստա Ռիկայի փոխգործակցության զարգացման  ուղիները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Կոստա Ռիկայի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Էմիլիո Գրանադոս Կալվոյի հետ հանդիպմամբ մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Սան Խոսե:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավարը կարևորեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը, ինչը, նրա խոսքերով, երկկողմ հարաբերություններում նոր մեկնարկ է ազդարարում և անշուշտ դրական խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման առումով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ իր այցելության գլխավոր նպատակը լատինաամերիկյան տարածաշրջանի երկրների հետ նոր կապեր հաստատելն է և այդ ենթատեքստում Հայաստանը կարևորում է Կոստա Ռիկայի հետ համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում ու այս առումով երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ձևավորումը կարևոր դեր կարող է ունենալ:

Զրույցի ընթացքում Կոստա Ռիկայի օրենսդիր մարմնի ղեկավարն ասաց, որ ինքը կնախաձեռնի խորհրդարանում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամական խմբի ձևավորումը: Ի պատասխան նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովը ակտիվ կապեր է հաստատել բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ և անկասկած շահագրգիռ կլինի Կոստա Ռիկայի հետ միջխորհրդարանական կապեր հաստատելու մեջ:

Զրուցակիցները մտքերի փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Հայաստանի արտգործնախարարը Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծելով, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, որոնք արտահայտվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում, սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է արված առաջարկները:

«Որքան Ադրբեջանը, փորձելով պահպանել ստատուս-քվոն, կշարունակի խոչընդոտել հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված եռանախագահների ջանքերը, այնքան Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունված ողջունելի բանաձևի նման նորանոր որոշումներ կընդունվեն, որոնք ճանապարհ կհարթեն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար», - ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Partner news
 Ուշագրավ
Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին
Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է
«Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը
Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Partner news