Ռազմական ոստիկանությունն ամփոփել է վերջին 9 ամիսների աշխատանքը

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է վերջին 9 ամիսների աշխատանքը

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 26-ին, Ռազմական ոստիկանության նիստերի դահլիճում տեղի է ունեցել 2012թ. 9 ամիսների ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքների ամփոփումը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ տեղակալ Ա. Նազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խ. Ասրյանը, կայազորային ՌՈ բաժինների և կենտրոնական ապարատի բաժինների պետերը, անձնակազմը:

Խորհրդակցությունը բացել է ՌՈ պետ, գնդապետ Ս.Ղուկասյանը և խոսքը փոխանցել Խ.Ասրյանին: Վերջինս իր ելույթում նախ նպատակաուղղված գործունեություն է մաղթել ՌՈ ամբողջ անձնակազմին, ապա լավագույն աշխատակիցներին պարգևատրել արժեքավոր նվերներով:

Այնուհետև իրենց սպասարկվող տարածքում առկա իրավիճակի և կատարած աշխատանքների մասին են զեկուցել կայազորային ՌՈ բաժինների ու առանձին բաժանմունքների պետերը: Նշվել է, որ դիտարկվող ժամանակահատվածում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավվման ուղղությամբ: Չնայած ձեռքբերումներին, շեշտվել է, որ այս առումով դեռևս զգալի աշխատանքներ կան իրականացնելու: Կայազորային ՌՈ բաժինների պետերը զեկուցել են նաև այն պրոբլեմներն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են ծառայության առավել արդյունավետ կազմակերպմանը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության փոխնախարարը կարևորել է զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքը: Հատկապես կարևորվել է, որ զինվորական կարգապահության որակական առաջընթաց կարելի է ապահովել միայն այն դեպքում, եթե հրամանատարների հետ համատեղ զինծառայողների համար ստեղծվի բարեխղճորեն և գիտակցորեն ծառայելու մթնոլորտ:

Ռազմական Ոստիկանության պետը հատուկ կարևորել է աշխատանքների կազմակերպման այն գերակա ուղղությունները, որոնք էապես կնպաստեն ավելի դրական ցուցանիշների հասնելուն: Դրանք են. կանխարգելիչ միջոցառումների անցկացումը, ՌՈ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների խորացումը, սպասարկվող տարածքի զորամասերում օպերատիվ իրավիճակին տիրապետելը, զորամասերից ինքնագլուխ լքած զինծառայողների և հետախուզվողների հայտնա-բերման աշխատանքների ակտիվացումը:

ՌՈ պետը ուշադրություն է հրավիրել նաև.

- Կարգապահական մեկուսարաններին փոխարինող նորաստեղծ կարգապահական վաշտերի արագ կազմավորման և աշխատանքների կազմակերպման վրա,

- Խիստ ուշադրություն դարձնել աշնանային զորակոչի աշխատանքների ճիշտ կազմակերպման և նորակոչիկների արդար տեղաբաշխման գործընթացի վրա,

- Լինել «նախահարձակ», որպեսզի չհայտնվենք կատարված հանցագործությունները «գրանցողի» դերում:

Խորհրդակցության վերջում 2012թ. 9 ամիսների ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքների ամփոփման արդյունքներով առանձին աշխատակիցներ են պարգևատրվել:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news