Շ. Քանդահարյան. Նոր Ուելսի կողմից ԼՂՀ ճանաչումը խիստ կարևոր է իրավաքաղաքական առումով![]() 27 հոկտեմբերի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Ազդակի» գլխավոր խմբագիր Շահան Քանդարյանն իր հոդվածում անդրադարձել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը: Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդի և Մասաչուսեթսի նահանգների օրենսդիր մարմիններից հետո ահավասիկ ավստրալիական մեծագույն նահանգը` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը ևս ճանաչում է արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախ Հանրապետությունը: Պարզ է, որ նահանգային մակարդակի վրա արձանագրվող այս գործընթացները տվյալ պետությունների կողմից հայկական երկրորդ հանրապետության ճանաչման համազոր քաղաքական արարքներ չեն: Բայց...Նահանգային օրենսդիր մարմինները ի վերջո պետական կառույցներ են և իբրև ինքնակառավարման մարմինների բրգաձև համակարգի առաջնային տեղը գրավող ատյանները իրենց խորքում ժողովուրդ-պետություն հարաբերության անմիջական օրինական օղակներն են: Ուրեմն, պետության մեջ ուղղակի ներկայացվածության ժողովրդի այս պատկերը խիստ կարևոր է ոչ միայն բարոյական կամ խորհրդանշական, այլ նաև իրավաքաղաքական առումներով: Քաղաքական առումով տվյալ իշխանությունը անպայման հաշվի կնստի իր կարևորագույն նահանգների օրենսդիր մարմինների, այլ խոսքով տվյալ նահանգի ժողովրդի կամարտահայտության հետ: Այս մեկը կարող է ավելի շեշտվել, երբ ընտրական հանգրվանների հատուկ տրամաբանությունը առավել ուշադրություն կկենտրոնացնի ժողովրդի արտահայտած տեսակետների վրա: Իրավական մեկնաբանությունը կարող է կենտրոնանալ հետևյալ կետի վրա. Նահանգային օրենսդիր մարմինների որոշում-բանաձևերը, որքան էլ մեծամասնություն կազմեն, պարտադիր բնույթ չունեն կենտրոնական իշխանությունների համար: Այնպես չէ, որ ինքնաբերաբար կառաջնորդեն կենտրոնական որոշման: Բայց նահանգային օրենսդիր մարմինները պետական մարմիններ լինելով, բնականաբար չեն կարող հակասել երկրի սահմանադրությանը, որն իր հերթին մշակված է միջազգային օրենքի սահմանած նորմերի և օրինաչափությունների նկատառումներով: Ահա այստեղ է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի սկզբունքը գերակա է նկատվել միջազգային այլ օրենքի` տարածքային ամբողջականությանը, որի գերադասումը ամեն առիթով օգտագործվում է պաշտոնական Բաքվի կողմից: Ուրեմն տվյալ շրջանի ժողովրդի ուղղակի ընտրությամբ և ներկայացվածությամբ կազմված օրենսդիր մարմինները կշարժվեն համապատասխան իրենց երկրների սահմանադրությանը և միջազգային օրենքին: Հիմա գանք հայկական գործոնի հետ կապված խնդիրներին: Այստեղ պարզ է, որ խոսքը տեղի Հայ Դատի հանձնախմբերի հետևողական աշխատանքների մասին է: Երևույթը ընդգծում է Հայ Դատի հասկացության ամբողջականությունը, համոզելու համար դիպաշարին հետևողին, որ Ցեղասպանության ճանաչման Հայ դատյան դասական ըմբռնմանն առընթեր արդեն սկսել է արդյունավորվել Հայաստանի, Արցախի Հանրապետությունների դիմագրաված ամենահրատապ օրակարգերի ուղղությամբ հայկական ներուժի օգտագործումը: Հայ Դատի բազմաճակատ և համալիր աշխատանքները կարևոր թիրախների են հասնում։ Այս նախաձեռնություններին մաս են կազմում նաև տարբեր տարածաշրջաններից Հայ Դատի բարեկամ պետական զանազան անձնավորությունների` Արցախ գործուղման կազմակերպումները և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ տեսակցությունները: Դրանցից էր նաև Ավստրալիայի պետական դեմքերի պատվիրակության այցելությունը Արցախ: Ուրեմն, երևույթները նախանշում են, որ պետական-հասարակական գործոնների համատեղ աշխատելաձևը հանգում է արդեն որոշակի արդյունքների: Այս բոլորին առընթեր պետք է հաշվարկել քաղաքական պահի վճռորոշ ազդեցիկության խնդիրը, նախատեսելու համար ճանաչում-ճանաչումի դիմաց Կոսովո-Աբխազիա կամ Կոսովո-Հարավային Օսիա մոդելի արցախյան տարբերակի առայժմ ոչ-տեսանելի առարկայացումը: Կամ էլ Սաֆարովի գործարքին և հերոսացման օրինակներով այլ դեպքերի կրկնությունը, որոնք միջազգային կարծիքը կարող են անվարան համոզել ադրբեջանցիների և որևէ ժողովրդի անհամատեղելիությունը...: Հնարավորությունները պետք չէ բացառել: Հանկարծակի` կարող է հայտնվել մի պետություն , որը նահանգայինից անդին կենտրոնական իշխանության մակարդակով հանդես կգա Արցախի Հանրապետության ճանաչման հայտարարությամբ: Կարևորը պետական-հասարակական գործոնների համատեղումն է և հետևողական աշխատանք տանելը»: Partner news Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին «Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում Partner news |