«168 ժամ». Ավանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ջեռուցման համար ուսանողներից փող են ուզում

«168 ժամ». Ավանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ջեռուցման համար ուսանողներից փող են ուզում

PanARMENIAN.Net - «168 ժամ»-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել Ավանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների ծնողներից այն մասին, որ ուսումնական հաստատության շենքը գտնվում է անմխիթար վիճակում, իսկ լսարանները չեն ջեռուցվում:

Ծնողներից մեկը, ում անունը չի նշվում հասկանալի պատճառներով, թերթի հետ զրույցում բողոքել է, թե ինչու պետք է ծնողներն իրենց երեխաների տարեկան 120 հազ. դրամ ուսման վճարից բացի վճարեն նաև լսարանը տաքացնելու նպատակով տաքացուցիչներ գնելու համար անհրաժեշտ գումարը: «Մենք կուրսով 2000-ական դրամ գումար ենք հավաքում, որ պլիտա առնենք: Շատ ցուրտ է, այն էլ` Ավանում: Սառում ենք ցուրտ սենյակում: Ոչ նորմալ դուռ ունենք, ոչ պատուհան: Ավերակ շենք է»,- թերթի հետ զրույցում ասել է քոլեջի ուսանողներից մեկը:

«168 ժամը» զրուցել է քոլեջի տնօրեն Վահագ Մինասյանի հետ` խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով:

Վերջինս, բնականաբար, հերքել է, թե երեխաները գումար են հավաքում տաքացուցիչներ ձեռք բերելու համար: Նա նաև նշել է, որ եթե նման մարդիկ կան, ապա թերթի կողմից նրանց այդ մարդկանց անունը փոխանցելու դեպքում նրանց համապատասխան պատժի կենթարկեն: Ըստ Վահագ Մինասյանի` բողոքողների անունները կուղարկվեն Դատախազություն, քանի որ դա քրեորեն պատժելի արարք է: Տնօրենը, սակայն, նեղսրտել է, թե ինչու թերթը չի խոսում քոլեջի տված լավ կրթության, երեխաների հաջողությունների մասին, այլ ամեն հարմար առիթ օգտագործում է` սևացնելու իրենց ուսումնական հաստատության անունը: Հարցին, թե արդյոք պետբյուջեից քոլեջին գումար չի հատկացվում, Մինասյանը պատասխանել է. «Այո, հատկացվում է. 30 տոկոս գումար է հատկացվում: Բայց եթե թվաբանությունից լավ եք, ուրեմն կհասկանաք, որ 500 ուսանողի տված ուսման վարձից և պետբյուջեի հատկացրած գումարից մենք կարողանում ենք միայն մեր աշխատողների աշխատավարձերը վճարել: Այսօր երկրի ֆինանսատնտեսական վիճակը շատ ծանր է: Ես հաշվել եմ, թե որքան գումար է անհրաժեշտ քոլեջին` կապիտալ վերանորոգման և ջեռուցման համակարգ ունենալու համար: Այդ գումարը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար, իսկ շենքում միայն ջեռուցման համակարգ ունենալու համար` 15 մլն դրամ: Դա մեծ գումար է»,- ասել է Մինասյանը:

Ըստ տնօրենի՝ եթե ծնողներ կան, ովքեր բողոքում են, թող գնան իր հետ խոսեն, «ոչ թե պատի տակից մատով ցույց տան»: Նա զարմացել է, որ ծնողները բողոքել են իրենց երեխաների ուսումնական հաստատության անմխիթար վիճակի, շենքային ծանր պայմանների մասին: «Ծնողները պետք է առաջին հերթին գային և ինձ դիմեին, որ նման խնդիր կա: Մենք էլ միասին կորոշեինք` ինչ կարելի է անել: Եթե հնարավորություն ունենային, իրենք մի կերպ կօգնեին, մի բան մենք կանեինք, և հարցը կլուծվեր»,- ասել է քոլեջի տնօրենը թերթի հետ զրույցում:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news