«Հրապարակ». Ոսկու շուկայի փոխտնօրենը վերցրել է 7 կգ ոսկի և անհետացել

«Հրապարակ». Ոսկու շուկայի փոխտնօրենը վերցրել է 7 կգ ոսկի և անհետացել

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ ուրբաթ օրը աննախադեպ գողության դեպք է գրանցվել «Ոսկու աշխարհում», ավելի ստույգ՝ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում, որը հանրությանը հայտնի է որպես «Բաղնիքի ոսկու շուկա»:

Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, անհետացել է:

Մասնավորապես ուրբաթ օրը, ժամը 16-ի սահմաններում Արմեն Բաղդասարյանը, ով նաև «Արիստոս» ՍՊԸ տնօրենն է, ունենալով համապատասխան լիազորագիր, վերցրել է ընկերության կնիքը, առանց Վաղարշ Աբրահամյանին զգուշացնելու գնացել բանկ, ստացել ոսկին և դիմել փախուստի:

«Մինչև իմացանք, որ գնացել ա բանկ, արդեն ուշ էր, զանգեցինք՝ ասեց, բա գալիս եմ, պռոպկի մեջ եմ: Բայց մինչև էս կողմ-էն կողմ, արդեն ուշ էր՝ հասել էր օդանավակայան»: Աբրահամյանն անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն մինչ կձեռնարկվեին անհրաժեշտ քայլեր, Արմեն Բաղդասարյանը հասցրել է ամենակարճ չվերթով թռչել Մինվոդի: «Եթե մի քիչ երկար թռչեր, մենք կհասցնեինք օդի մեջ բռնել նրան: Բայց հասցրել է ամենակարճ ռեյսով թռնել Մինվոդի, բայց թե հիմա որտեղ է, չգիտեմ»,-թերթի հետ զրույցում ասել է Աբրահամյանը:

«Ոսկու աշխարհի» տնօրենի պատմելով, Բաղդասարյանը, ով 15 տարուց ավելի աշխատում էր իրենց շուկայում և վստահություն վայելում, գնացել է այդ քայլին, քանի որ վերջին երկու ամսում «փորձանքի մեջ էր հայտնվել»՝ տարվել էր ինչ-որ խաղերով: Խաղացել էր և 10 հազար ԱՄՆ դոլար տանուլ տվել: Ապա փորձել էր հետ բերել գումարը՝ այդ ճանապարհին, բնականաբար, տանուլ տալով մի քանի անգամ ավելի խոշոր գումար, ինչը, հավանաբար, փորձել է փակել շեֆի փողերով: «2 ամսվա մեջ դարձավ տականք, բայց կարևորը՝ մենք ֆինանսական ճեղքվածքը փակում ենք, որ չվարկաբեկվենք, իսկ մնացածը, թե ինչ կլինի, արդեն երկրորդական է»,-ասել է Վաղարշ Աբրահամյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ իրենք արդեն բանկին վճարել են ամբողջ գումարը, որը կազմում է մոտ 400 հազար ԱՄՆ դոլար, և արդեն խնդիր չկա: Իրավապահները կգտնեն գողին, թե չէ, տնօրենը դա արդեն երկրորդական է համարում:

«Քանի որ մենք պատասխանատու ենք դրա համար, այդ գումարը մենք պիտի վճարենք: Ես պատասխանատու եմ նաև էն մարդկանց համար, որին գարանտ նամակ եմ տվել: Նրան երաշխավորել եմ, որ պիտի գնա բանկ ու բերի ոսկին: Հիմա չի բերել, ո՞վ պիտի պատասխան տա: Բնականաբար՝ երաշխավորողը: Ես էլ տվել եմ»,- հանգիստ տոնով ասել է տնօրենը՝ ավելացնելով. «Հիմա հիմնարկը նորմալ, բնականոն հունով աշխատում ա: Ճիշտ ա, ընկճված ենք, նեղված ենք, քանի որ ինքն առել-թռել ա, մենք պիտի պատասխան տանք իրա արածի համար: Գործ կհարուցեն, կբռնեն-չեն բռնի, կբերեն-չեն բերի, դրանք երկրորդական հարցեր են, կարևորը մեր պատիվն է»: Իսկ այդ 400 հազար դոլարի վճարումը կարո՞ղ է ազդել Ձեր հետագա աշխատանքի վրա՝ հետաքրքրվեցինք մենք: «400 հազար դոլարի էղածն ի՞նչ ա, մի ավտոյի փող ա, էլի: Փորձանք ա՝ էղավ-անցավ, հիմա պիտի աշխատենք, մեծ հիմնարկ ա, պիտի մեր տրամադրությունները չփոխանցենք աշխատողներին, թե չէ գումարը խնդիր չի: Մի քանի հատ տուն կծախեմ, տեղը դուրս կգա»,-եղել է պատասխանը:

«Այդքան շատ բնակարա՞ն ունեք՝ հարցրինք: «Կասկադում շենք եմ սարքել՝ 100 բնակարանով, համ ապրում ենք, համ ծախում»: Այս զրույցի ընթացքում Աբրահամյանը գրպանից հանեց ԱՄՆ դոլարների մի տրցակ և ցուցադրական նետեց սեղանին՝ թերևս փորձելով մեզ ևս ապացուցել, որ ինքը գումարի խնդիր չունի»,-գրում է թերթը:

Partner news
 Ուշագրավ
Շինբարեկարգման վարչության պետը տեղում կճշտի, թե ինչու են ծառեր արմատներն ասֆալտապատվել
«Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացվելով, որ վաղը քլունգներով գնալու են «ազատելու» ծառերը
Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Partner news