Այսօր քննարկվեց «Փոքր կենտրոնի» հայեցակարգը![]() 1 նոյեմբերի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագծի քննարկման նպատակով այսօր քաղաքաշինության նախարարությունում կայացավ այդ նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ մայիսին ստեղծված աշխատանքային խմբի նիստը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ Քաղաքաշինության նախարարությունից: Աշխատանքային խումբը վարչապետի որոշմամբ ղեկավարում է քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, խմբում ընդգրկված են Երևանի գլխավոր ճարտարապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ և ավագանու անդամներ, մշակույթի նախարարության աշխատակազմի, «Հայաստանի ճարտարապետների միության», «Հայնախագիծ» ԲԲԸ-ի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի», «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ներկայաուցիչներ: Նիստին հրավիրված էին նաև «Հանուն կայուն մարդկային զարգացման», «Էկոլոգիական կենսակայունություն» հասարակական կազմակերպությունների ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության դեպարտամենտի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, ներկայացնելով հայեցակարգի հիմնական դրույթները, կարևորեց այն հանգամանքը, որ աշխատանքային խմբի անդամները նշել են Երևանի «Փոքր կենտրոնում» առկա քաղաքաշինական հիմնահարցերի գրեթե նույն համախումբը: «Ինչը վկայում է այդ հիմնահարցերի բավականաչափ ակնառու լինելու մասին: Խնդիրների լուծման համար առաջարկվող մոտեցումները պարունակելով որոշակի տարբերություններ` համընկնում են հիմնական մտահոգությունների մասով»,- նշեց Ալավերդյանը: Մասնավորապես, գրեթե միասնական կարծիք կա »Փոքր կենտրոնի» նկատմամբ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ ճանաչելու, գործող գոտիավորման նախագծերն ու կառուցապատման սխեմաները վերանայելու, հանրային օգտագործման կանաչ տարածքները պահպանելու, բարեկարգելու և ընդարձակելու, կառուցապատման գործընթացներում հանրային կարծիքը հավուր պատշաճի ներառելու ու հնարավոր վիճահարույց հարցերի կարգավորման մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ: Կարևոր նշանակություն է տրվում նաև հուշարձան շենքերի և դրանց պահպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության հետ առնչվող խնդիրներին ձևավորված բարձրարժեք շարքային կառուցապատման պահպանմանը, ինչպես նաև «Փոքր կենտրոնի» բեռնաթափմանը, կառուցապատման էկոլոգիական բաղադրիչի («կանաչ ճարտարապետության») ուժեղացմանը, գեղագիտական միջավայրի կատարելագործմանը և այլն: Հաշվի առնելով, որ նախատեսվում է բազմաբնույթ և կարևոր գործընթացների կատարելագործման նպատակ հետապնդող օրենքի նախագծի մշակում, նպատակահարմար է համարվել սկզբում նախապատրաստել «Փոքր կենտրոնի» կառուցապատման խնդիրները կանոնակարգող օրենքի հայեցակարգը` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան: Հայեցակարգով ամրագրված կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագրերի, ապագա օրենքի նախագծի նպատակների, հիմնական դրույթների և նախնական կառուցվածքի վերաբերյալ համաձայնություն ձեռքբերելուց հետո անմիջապես անցնել օրենքի նախագծի մշակմանը: Ներկայումս մշակվել և աշխատանքային խմբի անդամներին է տրամադրվել »Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագիծը, որը ստացված կարծիքներն ամփոփելուց և շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |