Բետոնե բլոկերը` վթարների պատճառ. Երևան-Արտաշատ մայրուղին պարալիզացված է

PanARMENIAN.Net - Երևան-Մասիս-Արտաշատ մայրուղին դժվարանցանելի ու անգամ վտանգավոր է դարձել. հատկապես` Մասիսից դուրս եկող մեքենաների համար` վերջին շրջանում վթարների հիմնական պատճառը մայրուղու կեսը զբաղեցրած անթիվ բետոնե բլոկերն են: Մոտ երկու ամիս առաջ մեկնարկած «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրով իրականացվող շինարարությունը, կարծես, սկսվել է, բայց դժվարությամբ է շարժվում…

Ճանապարհը մաս-մաս վերանորոգելու փոխարեն գրեթե ամբողջ մայրուղին են պարալիզացրել, վարորդներին համար թողնելով երթևեկելի 2-ից միայն մեկ գիծը: Դեռևս ընթանում են նախապատրաստական աշխատանքները` ոչ ամբողջությամբ, բայց մաքրվել է մայրուղու հանդիպակած ճանապարհներն իրարից բաժանող միջնամասը: Բացի այդ տարածքից, սահմանափակ է նաև ճանապարհի այն հատվածը, որտեղ աշխատանքներ դեռ չեն տարվում: Թե ինչու` անհասկանալի է, քանի որ աշխատող բրիգադը դեռևս բավական հեռու է այդտեղից: Միգուցե հարցը նրանում է, որ պետք էր շահագործել այն բազմաթիվ բետոնե բլոկերը, որոնք քիփ կողք-կողքի շարված են ամբողջ մայրուղով մե՞կ…

Ի դեպ, դրսից բերված տեխնիկան, որը «Հայաստանում մինչ այդ չկար», ինչպես ծրագրի մեկնարկին խոստանում էր տրանսպորտի նախարարը, դեռևս հորիզոնում չի նկատվում. երևի շահագործման չի հանձնվել…

Հ.Գ. Երբ պատրաստվում էինք հրապարակել այս նյութը, տեղեկություն ստացանք, որ հենց այս պահին Երևան-Մասիս ճանապարհին տեղի է ունեցել հերթական ավտովթարը… Ականատեսների խոսքով, բախվելով բետոնե բլոկերին, մեքենան դուրս էր եկել երթևեկելի մասից ու հայտնվել հանդիպակած ճանապարհներն իրարից բաժանող միջնամասում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---