30 ապրիլի 2005 - 09:10 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է 20-25 տարուց ոչ շուտ: Այս մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Բաքվում խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը շատ ցածր է: Ժողովուրդների միջեւ չկա վստահություն եւ հակամարտության ամեն կողմ հավատում է միայն իր ճշտությանը: «Հարաբերությունները կարելի է անվանել հայելային, քանզի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանակն կողմը միմյանց անվանում են ագրեսորներ, իսկ երկու պետությունների ԶԼՄ-ները միատեսակ են լուսաբանում խնդիրները` ելնելով իրենց դիրքորոշումներից»,- նշել է Յունուսովը: Նրա խոսքերով` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր չէ, առավել եւս Հայաստանի ներկայիս իշխանությունների դեպքում: Այս հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է սերնդափոխություն, քանզի միայն նոր սերունդը, հոգնելով անընդհատ թշնամությունից, կգնա հաշտության: Ինչպես նշել է Ա.Յունուսովը, գոյություն ունի այս խնդրի զարգացման երեք տարբերակ: Առաջին տարբերակ` խաղաղ պայմանագրի ստորագրում, սակայն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ժողովուրդներն առայժմ պատրաստ չեն դրան: Նա այդ տարբերակն անվանել է ֆանտաստիկ: Երկրորդ տարբերակ` դա այսպես կոչված, Կիպրոսյան տարբերակն է: «Այսօրվա դրությամբ մենք գնում ենք այդ տարբերակով»,- նշել է նա: Եվ երրորդ` դա մերձարեւելյան կամ արաբաիսրայելական տարբերակն է, որը ենթադրում է պարբերաբար ռազմական գործողություններ եւ երկարատեւ բանակցություններ, քանի դեռ կողմերը չեն հոգնել պատերազմելուց: Մեկնաբանելով այն փաստը, որ այսօր ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության կողմերը չեն հանդիպում` Յունուսովը նշել է, որ դա հաստատում է, որ բանակցությունները փակուղի են մտել: Ընդսմին, նա նշել է, որ սխալ է ղարաբաղյան հակամարտությունն անվանել «ղարաբաղյան»: Նրա խոսքերով` դա «զուտ հայ-ադրբեջանական հակամարտություն է»: