Երևանում կբացվի Պետերբուրգի նկարչական դպրոցի ներկայացուցիչ Ալեքսանդր Նեկրասովի ցուցահանդեսը

Երևանում  կբացվի Պետերբուրգի նկարչական դպրոցի ներկայացուցիչ Ալեքսանդր Նեկրասովի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու) կբացվի «Ալեքսանդր Նեկրասով. Գեղանկարչություն» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց թանգարանի աշխատակից Հասմիկ Իսաղուլյանը:

Հեղինակը հանրությանն է ներկայացնելու թվով 28 (բնանկարներ, դիմանկարներ և ավետարանական թեմաներով աշխատանքներ) ստեղծագործություններ:

Ալեքսանդր Նեկրասովը հայտնի է Պետերբուրգի նկարիչների և արվեստաբանների շրջաններում ոչ միայն որպես գեղանկարիչ, այլև Պետերբուրգում ժամանակակից արվեստի առաջին թանգարանի հիմնադիր: Սկզբնական շրջանում այն գործում էր որպես հասարակական կազմակերպություն, իսկ հետագայում ստացավ «Ցարսկոսելսկի հավաքածու» պետական թանգարանի կարգավիճակը: Մոտ 20 տարվա ընթացքում թանգարանի ֆոնդերում կուտակվել և պահպանվում են ավելի քան 5000 գեղարվեստական ստեղծագործություններ` հիմնականում լենինգրադյան ավանգարդի, վերլուծական արվեստի և հետպատերազմյան անդերգրաունդի, այն գեղանկարիչների աշխատանքները, որոնք ժամանակին արգելված էին, իսկ ներկայումս դարձել են իրենց սերնդի նշանակալից դեմքեր: Ալեքսանդր Նեկրասովը սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «Ցարսկոսելսկի Վերնիսաժ» ամենամյա գեղարվեստի փառատոնի հիմնադիրն ու կազմակերպիչներից մեկն է:

1991 թ.-ից նա Ռուսաստանի նկարիչների միության անդամ է:

2012 թ-ից կազմակերպում է «Դեղին եռանկյունի» ցուցահանդեսների շարքը, որոնցում մասնակցում են նկարիչներ Պետերբուրգից և Լատվիայից:

Երևանյան ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 28-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---