17 նոյեմբերի 2012 - 09:33 AMT
«Հրապարակ». ԲՀԿ-ի հետ առաջինը կոնսուլտացիայի նստած ՀՅԴ-ն ևս կոնսուլտացիաների շարք է սկսել

«Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել ԲՀԿ նախաձեռնած կոնսուլտացիաների շուրջ, բանն այն է, որ ԲՀԿ-ի հետ առաջինը կոնսուլտացիայի նստած ՀՅԴ-ն ևս կոնսուլտացիաների շարք է սկսել։ Այսօր ՀՅԴ-ն հանդիպելու է ՕԵԿ-ի, իսկ երկուշաբթի՝ ՀԱԿ-ի հետ։ Բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու պլատֆորմով հանդես եկող ՀՅԴ-ն դեմ է Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանելուն։ ՀՅԴ շարքերում, ինչպես ՀԱԿ և ՀՀՇ շարքերում, այդ առնչությամբ լուրջ դժգոհություն կա՝ մի տարբերությամբ, որ ՀՅԴ շարքերում չեն ցանկանում որևէ այլ թեկնածուի, նույնիսկ Վարդան Օսկանյանին պաշտպանել։

Դաշնակցական մեր աղբյուրները չեն բացառում, որ դեկտեմբերին կայանալիք ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովի ժամանակ տեղերից ընտրված պատվիրակները հարց բարձրացնեն սեփական թեկնածուով մասնակցելու մասին, և քանի որ ՀՅԴ-ում իսկապես որոշումների կայացման դեմոկրատիկ սիստեմ է գործում, նաև հաղթեն։ Հիշեցնենք, որ թե Հրանտ Մարգարյանը, թե Վահան Հովհաննիսյանը հրաժարվել են թեկնածու առաջադրվել, որովհետև հասկանում են, որ ՀՅԴ-ն այս ընտրություններում շատ քիչ ձայն կհավաքի, ինչն էլ կուսակցությանն ընդհանրապես լուսանցք կմղի։ Էլ ավելի անմխիթար կլինի վիճակը, եթե ՀՅԴ երկրորդ էշելոնից թեկնածու առաջադրվի՝ Արծվիկ Մինասյանի կամ մեկ այլ դեմքով։ Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, դա է պատճառը, որ ՀՅԴ-ն սկսել է զուգահեռ կոնսուլտացիաներ անցկացնել, որպեսզի հարկավոր պահին կարողանա ընտրությունները բոյկոտելու, իսկ որ առավել հավանական է՝ չմասնակցելու պատճառաբանություն ունենալ»,– գրում է «Հրապարակ» թերթը։