«ՀԺ». Վրան խաչ քաշած նախագահի նկարը` ոստիկանությունում կադրային ջարդի պատճառ

«ՀԺ». Վրան խաչ քաշած նախագահի նկարը` ոստիկանությունում կադրային  ջարդի պատճառ

PanARMENIAN.Net - «Երեկ գիշեր Երևանի կենտրոնում և բուհերի մոտ` պատերին ու գետնին հայտնվել էր «Մի' ենթարկվիր» գրությամբ Սերժ Սարգսյանի` վրան խաչ քաշած դիմանկարը` մի քանի հարյուր օրինակ», այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը: Ըստ թերթի` երեկ առավոտյան արդեն իրարանցում էր սկսվել. ոստիկանական խմբերը շրջում էին Կենտրոն համայնքում, հայտնաբերում այդ նկարները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները սև ներկով «ջնջում էին» դրանք: Թե ովքեր են մի գիշերվա ընթացքում ամբողջ Կենտրոնն այդպես զարդարել, անհայտ է:

Youtube-ում արդեն տեղադրվել է գիշերային այդ իրադարձության տեսագրությունը` «Մի' ենթարկվիր...» վերնագրով: Ըստ որոշ տեղեկությունների, սա արձագանք է անցած շաբաթ ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հակահարված» արտ-խմբի երիտասարդ անդամների և դեկան Էդիկ Մինասյանի միջև ընդհարմանը:

Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ նկարների պատճառով Երևանի Կենտրոնի ոստիկանությունում իսկական կադրային ջարդ է տեղի ունեցել: Ինչպես «ՀԺ» թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով` ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, բաժնի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը, ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Ավելի ուշ «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի` ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը նույնպես ազատվել է պաշտոնից և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Ոստիկանության Կենտրոն բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Երեկվա դրությամբ ոստիկանությունից կադրային այս փոփոխությունների պաշտոնական հիմնավորումները չներկայացրին, գրում է թերթը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---