ՀԲ-ն մշակել է զեկույց, որտեղ ներկայացված են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները

ՀԲ-ն մշակել է զեկույց, որտեղ ներկայացված են Հայաստանի զարգացման  հիմնական մարտահրավերները

PanARMENIAN.Net - Կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի խմբի կողմից մշակված` «Հայաստան. քաղաքականության վերլուծականներ կառավարության համար» զեկույցին նվիրված քննարկում: Խորհրդակցությանը մասնակցել են Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, ինչպես նաև Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Գիերմո Տոլոսան և Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեքը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով մասնակիցներին` վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև ծավալված համագործակցության վերաբերյալ. «Ծավալուն աշխատանք է կատարվել Համաշխարհային բանկի կողմից: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ներկայացված քաղաքականության վերլուծությունների փաստաթուղթը և պատրաստ ենք քննարկել այն»:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին նշել է, որ առաջարկվող քաղաքականության վերլուծականներում ուրվագծվում են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները: Առաջնահերթություններ են համարվում կառավարման նոր համաձայնության մշակումը, տնտեսական աճի նոր ուղու ձևավորումը և արտադրողականության բարձրացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացումը:

Քաղաքականության վերլուծականներն ամփոփ ներկայացնելիս Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ընդգծել է, որ փաստաթղթում արծարծվում է համընդհանուր բարեկեցությանը, կառավարման բարեփոխումներին և աղքատության հաղթահարմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հաջորդիվ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման ռազմավարության առաջնահերթությունները: Ծավալվել է շահագրգիռ քննարկում ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների ու Համաշխարհային բանկի թիմի ներկայացուցիչների մասնակցությամբ` առաջարկվող քաղաքականության վերլուծականների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

Մասնավորապես, արծարծվել են համընդհանուր բարեկեցության ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, մարդկային կապիտալին և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---