Անդրե Մանուկյան. Հայ մշակույթի տարածումը համարում են նաև իմ առաքելությունը

Անդրե Մանուկյան. Հայ մշակույթի տարածումը համարում են նաև իմ առաքելությունը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում:

Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երևանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրին` քաղաքապետն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. ֆրանսիական մի շարք քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել և համատեղ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում ամենատարբեր, այդ թվում մշակութային ոլորտում:

«Վերջին տարիներին Երևանը բազմաթիվ հանրահայտ երաժիշտների է ընդունել և մեզ համար պատիվ է հյուրընկալել նաև ձեզ: Գիտեմ, որ առաջին անգամ եք հանդես գալու երևանյան բեմում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասվում»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ցուցաբերած աջակցության և ջերմ հյուրընկալության համար` Անդրե Մանուկյանը նշել է, որ տպավորված է Երևանով և անհամբեր սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը:

«Լինելով հայ, սակայն ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում, ինձ համար մշտապես կարևորվել է հայ մշակույթի տարածումը: Դա համարում են նաև իմ առաքելությունը», - նշել է Անդրե Մանուկյանը:

Քաղաքապետը վստահեցրել է, որ մայրաքաղաքի դռները միշտ բաց են երաժշտի համար և հույս հայտնել, որ առաջիկայում Երևանում կրկին հանդիպելու երաժշտական հաճելի առիթներ կլինեն: Անդրե Մանուկյանն այցելել է նաև Երևանի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով, ծանոթացել Երևանի պատմությանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---