Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը 75 տարեկան է

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը 75 տարեկան է

PanARMENIAN.Net - Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Համերգի ժամանակ երգչախումբը կկատարի հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ:

Որպես մենակատարներ ելույթ կունենան Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Սոֆիա Բաղդասարյանը (սոպրանո), Սարգիս Աղամալյանը (տենոր), Պողոս Բիազբեկյանը (բաս) և Արամ Թուրաբյանը (կոնցերտմեյստեր):

Հայաստանի պետական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: 1961 թվականից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Չեքիջյանը: Երգչախումբը ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում, իսկ հայրենիքից դուրս՝ 180 քաղաքում հանդես է եկել մոտ 820 համերգով: Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութում և այլուր երգչախումբը 27 լեզուներով երգել է հայ և համաշխարային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

1969 թվականից երգչախումբն ունի ակադեմիական կոչում, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է, 2012 թվականին ստացել է «ազգային» կարգավիճակ:

Երգչախմբի գործունեությունը ծավալվել է մեծ ստեղծագործություններով՝ 65 սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ, որոնց թվում է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը:

Երգչախումբը ձայնագրել է Եկմալյանի և Կոմիտասի պատարագների սկավառակներ, որոնք սիրված են ամբողջ աշխարհում:Հայաստանի պետական երգչախումբի և Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ գործունեության ձայնագրություններից մեկը Փարիզում արժանացել է Գրան Պրիի:

1980 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում օլիմպիական խաղերի մշակութային միջոցառումների շրջանակում` միության բոլոր անվանի խմբերի մրցակցության արդյունքում՝ Հայաստանի պետական երգչախմբի կատարմամբ հնչեցված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ճանաչվել է լավագույնը, որի արդյունքում դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն արժանացել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---