Հայաստան-Իրաք-ԱՄԷ-Քուվեյթ գործակցությունը կզարգանա առևտրատնտեսական ուղղությամբ

Հայաստան-Իրաք-ԱՄԷ-Քուվեյթ գործակցությունը կզարգանա առևտրատնտեսական ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, հայ-իրաքյան, հայ-քուվեյթյան, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր մասնակցել է խորհրդակցության, որի ժամանկ ամփոփվել են նշված հանձնաժողովների 2012թ. աշխատանքները և քննարկվել ընթացիկ տարվա անելիքները: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արձանագրվել է, որ 2012թ. Բաղդադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արդյունքում ձեռք են բերվել մի շարք ոլորտներում գործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները տեղեկություններ են ներկայացրել հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի` Երևանում:

Այս տարի Քուվեյթում նախատեսվում է նաև Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Առաջինը տեղի էր ունեցել 2011թ-ին Երևանում: Աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի առաջին լիագումար նիստի անցկացման ուղղությամբ:

Ա. Գևորգյանը հանձնարարել է, որ հանձնաժողովներում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներին առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովների նիստերի օրակարգերի վերաբերյալ: Առանձնահատուկ կարևորվել է գործընկեր երկրներում անցկացվող միջազգային առևտրատնտեսական և արդյունաբերական ցուցահանդեսներին հայաստանյան գործարար շրջանակների մասնակցությունը, ինչը նպաստելու է փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:

Անդրադարձ է եղել նաև Հայաստան-ԱՄԷ երկրորդ գործարար համաժողովը 2013թ-ին կազմակերպելու հնարավորությանը: Փոխվարչապետը ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներին առաջարկել է միջոցառման կազմակերպման ուղղությամբ աշխատել էմիրաթական կողմի հետ` հաշվի առնելով նաև 2010թ. Երևանում անցկացված առաջին համաժողովի փորձը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---