Քաղաքագետ. Մահափորձից հետո Հայրիկյանը կարող է պայքարել 2-3 տեղի համար

Քաղաքագետ. Մահափորձից հետո Հայրիկյանը կարող է պայքարել 2-3 տեղի համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` ընտրությունները հետաձգելու կամ չհետաձգելու որոշումը կարող է կախված լինել տարբեր գործոններից, սակայն նրան քարոզչական տեսանկյունից դժվար թե ավելի հարմար հնարավորություն ընձեռվի, քան ստեղծված իրավիճակն է, որովհետև այն ինֆորմացիոն դաշտը, որում նա գտնվում է, երկու շաբաթից կփոխվի: Կարծիքը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Պ.Հայրիկյանի մահափորձի հետ կապված իրարամերժ վարկածներին:

Քաղաքագետը նշել է, որ մարդկային առումով հասկանալի է` մի մարդ, ում վրա եղել է մահափորձ, վիրահատությունից հետո տարբեր վարկածներ կարող է ունենալ, բոլորն էլ այդ պահին կարող էին իրարամերժ հայտարարություններ անել, և տրամաբանական է, որ նա կմտածեր, որ իր անցյալը կարող էր այս մահափորձի պատճառ լինել: Սերգեյ Մինասյանը նշեց նաև, որ նման ֆորսմաժորային իրավիճակները ձեռնտու չէ ոչ արտաքին ուժերին, ոչ Հայաստանում քաղաքականության դաշտի լուրջ ներկայացուցիչներին:

«Որևէ պետության վարկանիշի վրա այս դեպքը չի կարող լավ ազդել և նման զարգացումները ոչ մի երկրում բացառված չեն: Ձևական առումով հասկանալի է, որ յուրաքանչյուր միջադեպ այս շրջանում չի կարող դրական անդրադառնալ իշխանությունների վարկանիշի վրա, անգամ ինչ-որ աղետի դեպքում, օրինակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավի ընթացքում եղած տորնադոն, սակայն իրապես դա դժվար թե անդրադառնա ընտրությունների ընթացքի վրա: Ես հակված եմ համարել, որ չնայած այս բոլոր իրադարձություններին, ընտրությունների արդյունքն ինձ և շատերի համար ակնհայտ է»,- ասաց նա և ավելացրեց, որ ստեղծված իրավիճակը կարող է այնքանով ազդել ընտրությունենրի ընթացքի վրա, որ Պ.Հայրիկյանն ավելի նպաստավոր պայմաններ կունենա, և երկրորդ-երրորդ տեղի համար պայքարում ավելի բարձր արդյունքների կհասնի:

Մահափորձից հետո Պ.Հայրիկյանի վարկանիշի մասին խոսել էր նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, նշել, որ թեկնածուի վարկանիշը դեպքից հետո միանշանակ բարձրացել է: «Եթե նա հետաձգի ընտրությունները, ապա իր «ղսմաթը» կկորցնի»,- ասել է սոցիոլոգն ու ավելացրել, որ սենսացիան շատ կարճ կյանք ունի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---