5 փետրվարի 2013 - 12:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Փաստաբան. Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան. ընտրությունները չեն հետաձգվի

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, հավելելով, որ այսպիսով ընտրությունները չեն հետաձգվի:

Փաստաբանի այս հայտարարությունից քիչ անց ասուլիսի սրահ մտավ նաև ինքը՝ Պարույր Հայրիկյանը:

«Ես եկա ցույց տալու, որ ներկա եմ` ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հենց ֆիզիկապես այստեղ: Փորձել են սպանել ոչ թե ինձ, այլ արժեքները», - ասաց նա: Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքն արդեն «գործի մեջ է»:

«Թող ամեն հայ իմանա, որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքը չի կարող շեղել բնականոն ուղուց», - հավելեց նախագահի թեկնածուն:

ԱԻՄ կուսակցության միջազգային կապերի պատասխանատու Կարո Եղնիկյանը հայտնեց, որ նոր ընտրություններ կազմակերպելն իրենք բացառեցին, քանի որ ոճրագործների նպատակը հենց Հայրիկյանին ոչնչացնելն ու նոր ընտրություններ անցկացնելն էին:

«Մեր գործն է այդ նպատակները խոչընդոտելը», - ասաց Կարո Եղնիկյանը:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա հինգ օր առաջ մահափորձ էր իրականացվել: Հրազենային հարձակման արդյունքում վիրավորվել էր նրա աջ անրակը: Վիրահատությունից հետո թեկնածուն իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու պահանջով:

ՖՈՏՈՇԱՐՔ