ԱԻ նախարարը գոհ է Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքներից

ԱԻ նախարարը գոհ է Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքներից

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում է եղել` տեղում գնահատելու անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

«Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներում զգալի աշխատանք էր արված` բարեկարգ տարածք, նորոգված, ջեռուցվող ու նոր գույքով կահավորված գրասենյակներ, խոհանոց, զորանոց, հանդերձարաններ ու դասասենյակներ»,- հայտնում են նախարարությունից:

Արմեն Երիցյանը գոհունակություն է հայտնել աշխատանքի արդյունքներից` նշելով, որ այստեղ մեծ է նաև փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության պետի ներդրումը։ Նախարարը հրամայել է խրախուսման ներկայացնել Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներին։

Չարենցավանի, Եղվարդի և Հրազդան ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներում նույնպես աշխատել էին հնարավորինս բարելավել աշխատանքային պայմանները, սակայն անելիքներ դեռ շատ կան։ ԱԻ նախարարը հանձնարարել է աջակցություն ցույց տալ ջոկատներին (շինանյութ, գույք և այլն)` առկա խնդիրները լուծելու համար։

Շրջայցի ընթացքում Արմեն Երիցյանը, նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ, եղել է նաև Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում, մարզային փրկարարական ջոկատում, Աբովյանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գրասենյակում։

Հիդրոմետ ծառայության Եղվարդի օդերևութաբանական կայանում նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության տնօրենին և աշխատակիցներին` բարեխիղճ աշխատանքի համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---