Երևանում նոր ծառատեսակներ կհայտնվեն. Կշատանան գնդաձև ակացիաները

Երևանում նոր ծառատեսակներ կհայտնվեն. Կշատանան գնդաձև ակացիաները

PanARMENIAN.Net - Անցած տարի քաղաքապետարանը կարողացել է ավարտել շուրջ 400 բակային տարածքի վերականգնում, վերակառուցում, կահավորում, բարեկարգում և հանձնեցինք բնակիչներին: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ու ավելացրել. «Ամենակարևորը` դրանք կահավորվեցին բոլոր անհրաժեշտ պարագաներով` մանկական, սպորտային խաղեր, ցայտաղբյուրներ, նստարաններ, լուսավորություն, կանաչ գոտի: Այն ամենը ինչ անհրաժեշտ էր բնակչին: Այս տարի ծրագրել ենք ևս 400 բակային տարածքների վերակառուցում, որոնք գրեթե ամբողջովին չափագրված են, ճշտված են հասցեները»:

Փոխքաղաքապետի խոսքով այս տարի Երևանի քաղաքապետարանի առջև խնդիր է դրված մեծացնել կանաչապատման, ծաղկածառատնկման ծավալները: «Այս ամենն ունենալու համար կա մի կարևոր նախապայման` ոռոգման ցանցի ստեղծում: Եթե չկա ոռոգման ցանց անիմաստ է դառնում նոր տարածքների կանաչապատումը: Նախորդ տարի մենք շահագործման հանձնեցինք 14 կմ ոռոգման ցանց, այս տարի կհանձնենք 20 կմ` գրեթե բոլոր վարչական շրջաններում: Աշխատանքները սկսվելու են գարնան սկզբին, որպեսզի ոռոգման սեզոնին կարողանանք շահագործել», - ասաց Կամո Արեյանը:

Նա տեղեկացրեց, որ ավարտվել է Եռաբլուրի ոռոգման ցանցի շինարարությունը, սկսվել Փարոսի բլուրի առանձին ոռոգման ցանցի ստեղծումը, որից հետո սկսվելու է այդ տարածքում ծառապատման աշխատանքները:

«Մայրաքաղաքում գազոնային, ծաղկապատման աշխատանքներն այս տարի համաչափ կիրականացվեն: Նախապատրաստական քայլերն արդեն իրականացվել են` պատվիրված է ծաղիկների և այլ բույսերի ամբողջ ծավալը: Քաղաքապետարանի ենթակայության տակ կա 6000 քառ. մետր ջերմոցային տնտեսություն, որտեղ մշակվում են ծաղկասածիլները: Միաժամանակ աշխատանքներ են տարվում նաև անհրաժեշտ բուսահողի, ավազի, տնկիների, դեկորատիվ ծառատեսակների ներկրման համար, որովհետև այս տարի մայրքաղաքում կանաչ գոտիներում նոր ծառատեսակներ կլինի: Ծառագետ գիտնական մասնագետների երաշխավորությամբ մեզ տրվել է ծառերի ցանկը, որոնք նախընտրելի են Երևան քաղաքում տնկելու համար: Մեծ քանակի գնդաձև ակացիաներ են տնկվելու: Հանրապետության հրապարակի ծառերի մասին խոսքը: Մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում այդ ծառերից են տնկվելու», - ասաց փոխքաղաքապետը:

Կամո Արեյանը տեղեկացրեց նաև, որ քաղաքապետարանի ունեցած աշխատուժը` 450 բանվոր, չի բավականեցնի: «Մենք հայտարարում ենք, որ մեզ պետք են բանվորներ` 200 մարդ, մայրաքաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքերի համար 120.000 դրամ, կանաչապատման աշխատանքների համար`100.000 դրամ աշխատավարձով», - ասաց նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---