Ր.Հովհաննիսյանը կարևորել է Հրազդանի արդյունաբերական ներուժի վերականգնումը

Ր.Հովհաննիսյանը կարևորել է Հրազդանի արդյունաբերական ներուժի վերականգնումը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել ընտրողների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են թեկնածուի նախընտրական շտաբից:

Կարճ ելույթի ավարտին Հովհաննիսյանը, հանձին պռոշյանցի փառապանծ ազատամարտիկ և հրամանատար Կարոտի, հարգանքի տուրք է մատուցել բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հուշարձանին:

Հաջորդ հանդիպումը Եղվարդում էր: Թեկնածուն քայլել է քաղաքի փողոցներով, շփվել ընտրողների հետ, ընդունել մարդկանց զորակցությունը և լսել հորդորներն ու առաջարկները: Այնուհետև նա մեկնել է Հրազդան, որտեղ դահլիճային հանդիպումը փոխարինվել է բացօթյա հավաքով, քանի որ սկսվել է նախատեսվածից ուշ և մասնակիցների թիվը ավելին էր, քան դահլիճի տարողունակությունը: Խոսելով երկրում բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծման մասին, Հովհաննիսյանը հատկապես կարևորել է Հրազդանի երբեմնի արդյունաբերական հզոր ներուժի վերականգնումը, ինչը պետական հոգածություն է պահանջում: «Ահագնացող արտագաղթի հիմնական պատճառներից մեկը հենց բարձիթողի այս վիճակից ածանցվող գործազրկությունն է»,- համոզմունք հայտնեց նախագահի թեկնածուն:

Իր քարոզչությունը Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտել է Աբովյանում: Հանդիպումը կայացել է քաղաքի գլխավոր դալիճներից մեկում: Լեփ-լեցուն դահլիճը բազմիցս ընդհատել է Հովհաննիսյանի խոսքը ծափահարություններով: Հանդիպումն ավարտվել է Հովհաննիսյանի կոչով` «Մեկ անգամ մեզ պահենք սեփական հայրենիքի իսկական տիրոջ պես», և «Հայաստան» բացականչություններով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---