Պրիիտ Տուրկ. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա

Պրիիտ Տուրկ. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկի հետ: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ հայ-էստոնական հարաբերությունները դրական հունով են ընթանում և այդ փոխգործակցության ակտիվացման համար կարևորեց երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է ԱԺ նախագահի այցը Լատվիա և Էստոնիա, ինչը լավ հիմքեր կստեղծի հայ-էստոնական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացման համար:

ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ կարևորվել է երկու երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 1-5-ը նախատեսվում է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը Երևան: Գարնանը Հայաստան կայցելի նաև Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Անդրադառնալով ԵՄ-ին ինտեգրմանն ուղղված Հայաստանի քայլերին՝ դեսպանն արձանագրեց, որ այդ բանակցություններում Հայաստանը Վրաստանի և Մոլդովայի հետ առաջամարտիկներից է, ինչը Էստոնիայի իշխանությունները ողջունում են և պատրաստակամություն հայտնում աջակցելու այդ գործընթացների էլ ավելի զարգացմանը: Նա առաջարկեց օգտվել Էստոնիայում գործող արևելյան գործընկերության կենտրոնի ընձեռած հնարավորությունից: Կենտրոնը հայ գործընկերներին օգտակար կարող է լինել փորձի փոխանակության, մասնագետների վերապատրաստման ու ուսուցման ասպարեզներում: Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:

ԱԺ փոխնախագահը դրական գնահատեց ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման և խնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծմանն աջակցելու համար՝ նշելով, որ ԼՂՀ ապագան պետք է որոշեն արցախցիները: Դեսպանն իր հերթին վերահաստատեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---