Երևանում բացվել է Caucasus Travel Show միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

Երևանում բացվել է Caucasus Travel Show միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Երևանում մեկնարկեց 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS): Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Հայաստանի զբոսաշրջային ոլորտով հետաքրքրված այլ երկրներից: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:

Զբոսաշրջության ոլորտը գերակա է համարվում Հայաստանում, ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը միջոցառման բացման խոսքում: Այս ոլորտում աճ է գրանցվում: Նա նշեց, որ ներգնա զբոսաշրջության ոլորտում Հայաստանում 2012թ. 11,3 տոկոս աճ է արձանագրվել կամ 85 հազար զբոսաշրջիկ ավելի 2011 թվականի համեմատ՝ հասնելով 843 330 հազար մարդու: Աճի նման տեմպերի դեպքում Հայաստանը հուսով է, որ առաջիկա երկու տարում այդ ցուցանիշը կհատի 1 միլիոնի սահմանագիծը: 2012թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում եվրոպական երկրներից էին, մասնավորապես, Գերմանիայից ու Ֆրանսիայից, ակտիվացել են նաև հոսքերն Իսպանիայից: Եվրոպայից հետո Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակով հաջորդում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան ու Իրանը:

Անդրադառնալով տարածաշրջանային ցուցահանդեսի անցկացմանը Հայաստանում՝ Արա Պետրոսյանը հույս հայտնեց, որ մարտի 1-ը կարող է խորհրդանշական օր դառնալ զբոսաշրջային ցուցահանդեսների անցկացման համար: Փոխնախարարը նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այս տարի ընդլայնվել է Caucasus Travel Show-ի մասնակիցների աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը, շատ են մասնակիցները ՀՀ մարզերից ու ԼՂՀ-ից: «Դա նշանակում է, որ զբոսաշրջության ոլորտը Հայաստանում զարգացման անդառնալի ուղու վրա է»,-ասել է Արա Պետրոսյանը:

1999 թվականից անցկացվող այս միջոցառումն արդեն դարձել է զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման և գործնական կապերի հաստատման հարթակ:

Մասնակցում են նաև զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ: Մարտի 1-ից 2-ը ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան գործնական կապեր հաստատելու զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական և միջազգային ընկերությունների հետ: Այս տարի ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար, ինչպես նաև միջազգային զբոսաշրջիկների ճանաչողական շրջայց:

Ցուցահանդեսը կազմակերպել են Ճամփորդական գործակալների հայկական միությունը և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---