30 սեպտեմբերի 2005 - 11:57 AMT
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԵՂԾԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքիոյին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումներն էին: Ա.Բաղդասարյանը Ջ.Բուքիքիոյին իրազեկել է, որ արտահերթ նիստով ՀՀ խորհրդարանն արդեն ընդունել է Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը երրորդ ընթերցմամբ եւ հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունները: Զրուցակիցները կարեւորել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստումը եւ քարոզչության իրականացումը, որպեսզի ամբողջ հասարակությունը տեղեկացված լինի գործող սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխություններին եւ կարողանա լիարժեք ընտրություն կատարել: ՀՀ խորհրդարանի խոսնակը նշել է, որ սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին նոր եւ կարեւոր քայլ են, որ քաղաքական ու տնտեսական առաջընթացի հնարավորություններ են ստեղծելու: Երկուստեք կարեւորվել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը` սահմանադրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում: Ջաննի Բուքիքիոն նշել է, որ խորհրդարանը իր կարեւոր ներդրումն է ունեցել եւ խոսքն արդեն հասարակությանը եւ քաղաքական ուժերինն է, որոնց համախմբումը շատ կարեւոր է երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծան ժամանակ: