Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Լատվիայի նախագահը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-8 պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան ամուսնու` Իմանտս Ֆրեյբերգսի հետ: Այցը տեղի կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին էին հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, լատվիական պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, մշակույթի նախարարները եւ այլ պաշտոնատար անձինք եւ շուրջ 50 գործարարներ: Այցի հիմնական նպատակն է միջպետական կապերի զարգացումը, համագործակցության խորացումը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության գերակա ուղղությունների որոշումը: Պետությունների ղեկավարները կքննակեն ԵՄ-Հայաստան համագործակցությունը, տարածաշրջանային նշնակության հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ակտուալ միջազգային խնդիրների շուրջ: Նշենք, որ 2005 թվականի ապրիլին Վայրա Վիկե-Ֆրեյբերգան ընդգրկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի ձեւավորած համաշխարհային առաջնորդների խմբում, որոնք, որպես կազմակերպության գլխավոր քարտուղրաի պատվիրակներ պետք է աջակցեն ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացին: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ձեւաչափով: Այնուհետեւ տեղի կունենա երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի եւ Լատվիայի նախագահները կստորագրեն համատեղ հռչակագիր, պայմանագրեր կստորագրվեն կառավարությունների միջեւ ներդրումների խթանման եւ փոխադարձ պաշտպանության, մաքսային ոլորտում համագործակցության մասին, ինչպես նաեւ միջգերատեսչական փաստաթուղթ մշակույթի ոլորտում համագործակցության մասին: Պաշտոնական այցի շրջանակներում Լատվիայի նախագահը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Հայաստանի եւ Լատվիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-լատվիական գործարար համաժողովի փակումը: Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Բացի այդ, Լատվիայի նախագահը կհանդիպի Երեւանի պետական համալսարանի ուսանողա-դասախոսական կազմի հետ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Վայրա Վիկե-Ֆրեյբերգան կայցելի Էջմիածնի Գանձարան: Լատվիայի նախագահը կայցելի նաեւ Երեւանի կոնյակի գործարան, Մարտիրոս Սարյանի պուրակը: Հոկտեմբերի 8-ին Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---