Դեսպան Սեյրանյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահին

Դեսպան Սեյրանյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահին

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա) հանդիսավոր պայմաններում իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Իվան Գաշպարովիչին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց տեղի ունեցավ նախագահ Գաշպարովիչի և ՀՀ դեսպանի միջև: Նախագահը, շնորհավորելով դեսպան Սեյրանյանին հավատարմագրման կապակցությամբ, գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ: Պարոն Գաշպարովիչը հույս հայտնեց, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման գործում:

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց նախագահի նստավայր Գրասալկովիչի պալատում ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց ջանքեր չխնայել երկու պետությունների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Շուրջ կես ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի եվրաինտեգրման օրակարգին, բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին, Հայաստան-Սլովակիա քաղաքական երկխոսությանը, երկկողմ տնտեսական համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային խնդիրներին: Օգտվելով առիթից` դեսպան Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայի խորհրդարանի կողմից 2004թ. նոյեմբերի 30-ին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար: Բրատիսլավա կատարած այցի ընթացքում դեսպան Սեյրանյանը հանդիպումներ ունեցավ նաև Սլովակիայի Արտաքին և Եվրոպայի գործերի նախարարության պետական քարտուղար (նախարարի տեղակալ) Պետեր Յավորչիկի, ինչպես նաև նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---