27 մարտի 2013 - 13:24 AMT
Իսրայելի հայերի «Արարատ» միությունը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ Իսրայելի հայերի «Արարատ» միությունը դիմել է Իսրայելի ժողովրդին: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Թանկագին բարեկամներ, ապրիլի 24-ին Հայաստանի ժողովուրդն ու ողջ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը:

Հայոց ցեղասպանությունը մարդկության նորագույն պատմության առաջին լայնածավալ ոճրագործությունն է, որի նպատակն էր մի ողջ ժողովրդի ոչնչացումը քաղաքական նկատառումներով:

Կյանքից զրկվեց շուրջ 2 մլն հայ, շուրջ 800 հազարը փախավ երկրից, որտեղ նրանք բնակվում էին արդեն շուրջ 2000 տարի: Եվ այսօր տասնամյակներ անց Հայոց ցեղասպանության փաստը ճանաչված է բազում պետությունների կողմից:

Առաջինը դա արեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահագներ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Ցավոք սրտի, մենք իսրայելաբնակ հայերս ստիպված ենք արձանագրել, որ Իսրայել պետությունը, որի ժողովուրդը վերապրել է Հոլոքոսթը և վեց մլն անմեղ զոհ տվել, չի ճանաչում 1915-23թթ. Հայոց ցեղասպանության փաստը:

Այդ թողտվությունն ու անպատժելիությունը հետագայում հանգեցնում են ավելի մեծ ցնցումների ու սարսափելի աղետների: Ելնելով դրանից, Իսրայելի հայերի «Արարատ» միությունը հորդորում է մտավորականությանը կոչ անել Իսրայելի կառավարությանը հետևել մյուս երկրների օրինակին ու արդար որոշում կայացնել: