ԵՊԼՀ-ում բացվել է Ակադեմիական նվաճումների կենտրոնը

ԵՊԼՀ-ում բացվել է Ակադեմիական նվաճումների կենտրոնը

PanARMENIAN.Net - Այսօր ԵՊԼՀ-ում բացվել է Ակադեմիական նվաճումների կենտրոնը` ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում: Կենտրոնը, որը կղեկավարի դոցենտ Կ.Գրիգորյանը, աջակցելու է երիտասարդ ֆրանկոֆոն հետազոտողներին և գիտնականներին` նպաստելով նրանց գիտական առաջընթացին ու ճանաչմանը, ՖՀԱ-ի տրամադրած միջոցներով ապահովելու է արդիական գիտական տեղեկատվության մատչելիություն, կազմակերպելու է լսարանային և առցանց վերապատրաստումներ ֆրանսերեն դասավանդողների համար, նպաստելու է միջհամալսարանական համագործակցության հետագա զարգացմանը:Բացման արարողությունը մասնակցել են Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) Գլխավոր քարտուղար Վանդա Դիեբոլթը, ՖՀԱ-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Գրասենյակի տնօրեն Աբդերահման Ռիդանը, ԵՊԼՀ ռեկտորը:

«Այսպիսի կենտրոններ կան աշխարհի հինգ մայրցամաքներում, և աշխարհի շուրջ 800 համալսարաններ միացված են ՖՀԱ-ի ցանցին: Այսպիսի կենտրոններ բացելով՝ մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ շեշտել` մեր գլխավոր մտահոգությունն ուսանողների կարիքները բավարարելն է», - ասել է Վ. Դիեբոլթն ու ավելացրել.«Փորձելու ենք զարգացնել ֆրանսախոսությունը երեք ուղղություններով` Ֆրանսերենով տարբեր մասնագիտություններ կբացենք ԵՊԼՀ-ում, հատուկ ուշադրություն կդարձնենք համալսարանական կառավարմանը և կրթության, տեղեկատվության մատչելիություն կապահովենք կրթական համակարգի թվայնացման միջոցով»:

Արևելյան Եվրոպայի Գրասենյակի տնօրեն Աբդերահման Ռիդայի խոսքով Ակադեմիական նվաճումների կենտրոնն օգտակար կլինի ուսանողների համար, քանի որ երբեմն մենք փորձում ենք լուծումներ գտնել հեռվում, երբ դրանք շատ ավելի մոտ են: «Մեր երեխաներին հեռուները ուղարկելու փոխարեն կարող ենք նրանց տեղում առաջարկել որակյալ գրականություն, ճշգրիտ և հասանելի տեղեկատվություն»,-ասել է Ա.Ռիդան:

Ֆրանկոֆոն Համալսարանների Ասոցիացիայի (ՖՀԱ) «Ակադեմիական նվաճումների կենտրոն» անվանումը շնորհվում է ՖՀԱ–ի անդամ համալսարանների գիտաուսումնական այն կենտրոններին, որոնք համապատասխանում են ՖՀԱ–ի պահանջներին : Ուստի 2012 թ. ԵՊԼՀ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ՖՀԱ-ի աջակցությամբ և օժանդակությամբ Կենտրոնը համալրվում է ժամանակակից թվային տեխնիկայով, գիտական գրականությամբ, ուսումնամեթոդական նյութերով և դասագրքերով:

ՀՀ ԱԳՆ եվրոպական բաժնի պատասխանատու Քրիստիան Տեր-Ստեփանյանը կարևորել է Հայաստնաի կողմից ստորագրված Լեզվական պակտի դերը ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում: «Մենք ստորագրեցինք այդ պակտը երբ դեռ Ֆրանկոֆոնիայի միազգային կազմակերպության լիիրավ անդամ չէինք: Այժմ, երբ Հայաստանը ՖՄԿ լիիրավ անդամ է, մենք ստանձնում ենք այդ պակտից բխող բոլոր պարտավորությունները»,-նշել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---