ԶՈՒԺՎ փորձագետները 4-5 անգամ կայցելեն Հայաստան և խորհրդատվություններ կանցկացնեն

ԶՈՒԺՎ փորձագետները 4-5 անգամ կայցելեն Հայաստան և խորհրդատվություններ կանցկացնեն

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց «Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, անվտանգության մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, նիստի համանախագահ Կորյուն Նահապետյանը ողջունեց սեմինարի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ քննարկումները կընթանան արդյունավետ, քանզի անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության թեման ոչ միայն առնչվում է խորհրդարանին ու անվտանգության մարմիններին, այլև արդյունավետ կառավարման նպատակ է հետապնդում և հասարակական մեծ ընկալում ու հնչեղություն ունի:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ, նիստի համանախագահ Ֆիլիպ Ֆլուրին տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը ՀՀ Ազգային ժողովի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, որի շրջանակներում իրենց փորձագետները 4-5 անգամ Հայաստան կայցելեն և ոլորտի բարեփոխումներին ուղղված խորհրդատվություններ կիրականացնեն անվտանգության պետական մարմինների առաքելությունների, նպատակների, վերահսկողության մեխանիզմների ու ձևերի, այս բնագավառում առկա եվրոպական փորձի մասին: Կարևորելով հասարակական վերահսկողության խնդիրը՝ նա նկատեց, որ հասարակությունը ոչ միայն անվտանգության սպառող պետք է լինի, այլ նաև անվտանգության ուղղվածության մասին իր ասելիքն ունենա: Նա տեղեկացրեց, որ այս սեմինարի ընթացքում փորձագետները կներկայացնեն օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթները՝ իրենց մասնագիտական փորձը համադրելով գիտական սկզբունքների հետ:

Բելգիայի դաշնային խորհրդարանի նախագահի նախկին տեղակալ Լոդ Վանուստն իր ելույթում անդրադարձավ անվտանգության ոլորտի վերահսկողության գործում խորհրդարանի դերի կարևորությանը: Նա վերահսկողության արդյունավետությունը պայմանավորեց մի շարք հանգամանքներով՝ մասնավորապես կարևորելով անվտանգության ոլորտի իրավական կարգավիճակը, վերահսկողության ինստիտուցիոնալ լինելը, թափանցիկությունը: Վերջինս չպետք է հակասի անվտանգության մարմնի մասնագիտական գաղտնիությանը: Լոդ Վանուստը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախքան վերահսկողություն իրականացնելը խորհրդարանը պետք է հստակեցնի վերահսկման իրավական շրջանակները և իրատեսական հիմքերը, այնուհետև հետևողական քայլերով կյանքի կոչի դրանք: Նա, որպես օրինակ, ներկայացրեց Բելգիայի անվտանգության մարմիններում 20 տարի առաջ կատարված բարեփոխումների, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության ֆունկցիաների հստակեցման առանձնահատկություններն ու ընթացքը, որոնք բանախոսի գնահատմամբ՝ տարիներ հետո բարձրացրին անվտանգության մարմինների վարկանիշը, հետևաբար նաև՝ հասարակական վստահությունը: Նա հավաստիացրեց, որ ինքը հեռու է այն մտքից, որ բելգիական փորձը միակը կամ լավագույնն է, և ամեն մի երկիր, փորձելով իրականացնել ժողովրդավարության զարգացմանն ուղղված անհրաժեշտ խորհրդարանական վերահսկողություն, ինքը պետք է ընտրի իր կառավարման համակարգին հատուկ իրատեսական մեխանիզմները: Վերահսկման արդյունավետությունը, ըստ նրա, բացի անհրաժեշտ մեխանիզմներ կիրառելուց, շատ բանով պայմանավորված է անհրաժեշտ կամքից, նպատակից ու հետևողականությունից:

Պաշտպանական ոլորտի վերահսկողության գործում խորհրդարանի դերին անդրադարձավ ասոցացված ավագ գիտաշխատող և փորձագետ Վալերի Ռատչևը՝ համադրելով գոյություն ունեցող գիտական սկզբունքները, ներկայացնելով անվտանգության ոլորտի բարեփոխումների և խորհրդարանական վերահսկողության ներդրման բուլղարական փորձը: Խորհրդարանական վերահսկողության հաջողությունը, ըստ նրա, պայմանավորված է նաև վերահսկման թափանցիկությամբ, այն իրականացնողների պատասխանատվության աստիճանով, կարողություններով ու պարտքի գիտակցումով:

Իրավապահ մարմինների վերահսկողության գործում խորհրդարանի նշանակությանը, իրավապահ մարմինների պարտականություններին, գործադիր իշխանության մարմինների միջև գործառույթների բաշխմանն ու ոլորտի բարեփոխումների գործում լրատվամիջոցների դերին անդրադարձավ Ռումինիայի ներքին գործերի նախարարի նախկին խոսնակ, Հարավարևելյան Եվրոպայի իրավապահ մարմինների կենտրոնի աշխատակից, պաշտոնաթող գնդապետ Կարմեն Վեսայլը՝ ներկայացնելով Ռումինիայի փորձը:

ԶՈՒԺՎ խորհրդարանական ծրագրերի համակարգող Թեոդորա Ֆույորը անդրադարձավ անվտանգության ոլորտի վերահսկողության գործում խորհրդարանական մշտական հանձնաժողովների դերին, առանձնահատկություններին, գործառույթներին: Թեոդորա Ֆույորը վերահսկողության արդյունավետությունը պայմանավորեց գործողությունների լավ մշակած պլանով, ուստի այս առումով կարևորեց հանձնաժողովի անդամների և աշխատակազմի հմտությունները, տեղեկատվական աղբյուրների ու լավագույն փորձի դերն ու նշանակությունը: Միջազգային սեմինարի ավարտին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, նիստի համանախագահ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և հայ փորձագետներին՝ բովանդակալից ու արդյունավետ քննարկումների համար:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ վաղը Ազգային ժողովում կմեկնարկեն «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---