2 մայիսի 2013 - 12:59 AMT
Արմեն Ռուստամյան. Դառնամ քաղաքապետ, կհրաժարվեմ մանդատից

Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընտրապայքարը բավական թեժ է համարում:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ թեկնածուն նկատեց, որ բոլոր քաղաքական ազդեցիկ ուժերը մասնակցում էին այս պայքարին և բոլորն էլ գիտակցում են, որ քաղաքապետարանով կարող են կոտրել քաղաքական մենաշնորհը: «Մենք վստահ ենք, որ այս ընտրություններին հաղթելու ենք: Այն, ինչ չհաջողվեց իրականացնել նախագահական ընտրություններին, կիրականացնենք քաղաքապետի ընտրություններին»,- ասաց նա և ավելացրեց,- «Դառնամ քաղաքապետ` կհրաժարվեմ իմ մանդատից, մեր նպատակն է երկրում հասնել ամբողջական իշխանափոխության»:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այդպիսով կհաջողվի կոտրել քաղաքական մենաշնորհը և համագործակցելով աշխատել: «Ընդդիմադիր քաղաքապետը Հայաստանում ամեն ինչ կկարողանա փոխել: Եթե Երևանում կկարողանանք իշխանությունը վերադարձնել ժողովրդին, Հայաստանում էլ կկարողանանք վերադարձնել հայաստանցուն»,- նկատեց նա:

ՀՅԴ թեկնածուն ընդգծեց, որ այս ընթացքում իշխանությունը առաջ է տարել այն թեզը, թե այս ընտրությունները կենցաղայի բնույթ են կրում. «Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այս ընտրությունների քաղաքականությունը նսեմացվի, քանի որ դա իշխանություններին ձեռք չի տալիս»:

Արմեն Ռուստամյանի խոսքով` իշխանություններն այս ընտրությունների ընթացքում էլ կիրառում են խաղից դուրս կանոններ. «Բանը բանից անցել է: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Դանակն արդեն ոսկորին է հասել»:

Նա նաև նշեց, որ այսօր քաղաքական ուժերի մեծամասնությունն այս պայքարին է միացել` Հայաստանում ամբողջական ընդդիմություն հաստատելու համար: