
Այսօր իշխող Հանրապետական կուսակցությունը կգումարի Գործադիր մարմնի և Խորհրդի նիստ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ երկու օրից լրանում է կառավարության նոր կազմը ներկայացնելու ժամկետը և այսօր, ըստ ամենայնի, վերանշանակված վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի նոր կառավարության կազմը:
Հիշեցնենք, որ նոր կառավարության կազմում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ իրենց աշխատանքը շարունակում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մինչ ՀՀԿ ԳՄ-ն նիստը կկայանա, մամուլը շարունակում է նոր կառավարության վերաբերյալ տեղեկություններ հայտնել ու վարկածներ առաջ քաշել: Արդեն տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ նոր ղեկավարներ կունենան Ֆինանսների, Սփյուռքի և Բնապահպանության նախարարությունները:
Ըստ «168 ժամ» օրաթերթի` նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը` մի քանի փոքր և խիստ կոսմետիկ փոփոխություններով: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: «ՊԵԿ-ը կբաժանվի, Հարկային տեսչությունը կմիանա ֆինանսների նախարարությանը, իսկ Մաքսային ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը: Փոխվարչապետի պաշտոնը Տարածքային ղեկավարման նախարար Արմեն Գևորգյանից կփոխանցվի Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ Գևորգյանը կշարունակի պաշտոնավարել որպես ուղղակի Տարածքային կառավարման նախարար»,- գրել է թերթը: