Նախիջեւանում ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում են հայկական խաչքարերը

PanARMENIAN.Net - Իրանում ՀՀ դեսպանությունն ահազանգ է ստացել Ատրպատականի հայոց թեմից առ այն, որ շուրջ 100 ադրբեջանցի զինվորներ ներխուժելով Արաքսի ափին գտնվող Հին Ջուղայի գերեզմանատուն, հսկա մուրճերով, բահերով եւ ծանր տեխնիկայով զինված ջարդում ու փշրանքների են վերածում 2002 թվականին նույն ադրբեջանցիների սրբապղծությունից փրկված մնացած հայկական խաչքարերը:

Սա ադրբեջանական պետության պատմության նենգափոխման հերթական քայլն է, որի միջոցով փորձ է արվում հայկականության եւ հայության հետքը ջնջել Նախիջեւանի տարածքում:



Իրանում Հայաստանի դեսպանատունը տեղեկություններ է ստանում, որ այսօր դեռեւս շարունակվում են Հին Ջուղայի հայկական գերեզմանատան տապանաքարերը, խաչքարերն ու այն բոլոր հուշարձանները, որոնք վկայությունն են հայ ժողովրդի, ինչպես նաեւ համաշխարհային մշակութային ժառանգության, կրկին անգամ ենթարկվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ծրագրված վանդալիզմին: Ոչնչացվում են հայոց գերեզմանատան մշակութային մասունքները, որոնք կենդանի վկաներն ու ապացույցն են պատմական այն իրողության, որով փաստվում է հայկական պատկանելությունը: Ադրբեջանական իշխանությունները մշտապես գործի են դրել բոլոր հնարքներն ու սադրանքները, որպեսզի ի սպառ ջնջվեն այդ պատմական փաստերի հետքերը:

Այդ առիթով իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդները հայության անունից իրենց զայրույթն ու ցասումն են հայտնում եւ ահազանգում են համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, մասնավորպես ՅՈՒՆԵՍԿՈ-ին` որպեսզի վերջինս իր մանդատի եւ կանոնադրությանը համաձայն քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հերթական մշակութային եղեռնագործությունը կասեցնելու համար: Բացի այդ, Իրանում Հայաստանի դեսպանությունը իրազեկել է ՀՀ ԱԳՆ ղեկավարությանը եւ շարունակում է հետեւել դեպքերի զարգացմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---