Գարեգին Բ. Շուշիի և Արցախի ազատագրմամբ հաղթանակների նոր էջ բացվեց

Գարեգին Բ. Շուշիի և Արցախի ազատագրմամբ հաղթանակների նոր էջ բացվեց

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով, որում նշված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:

Երկրորդ աշխարհամարտում ազգեր ու պետություններ մեծ զոհողությունների գնով հաստատեցին ազատ ու խաղաղ ապրելու իրենց իրավունքը` մերժելով բռնությունը և ֆաշիզմը: Մեր քաջարի ժողովուրդը նույնպես մասնակից եղավ և մեծ նպաստ բերեց մեծ հաղթանակի կերտմանը, որը ոգեղեն աղբյուր դարձավ Շուշին ազատագրող ու Արցախյան ազատամարտին մասնակից մեր զավակների համար:

Փառք և գոհություն ենք մատուցում Աստծուն, որ ազգս հայոց ապահովության մեջ պարծանքով ու տոնական խնդությամբ է նշում Խաղաղության և հաղթանակի ու Շուշիի ազատագրման տոները: Շուշիի և Արցախի ազատագրմամբ, որ ձեռք բերվեց մեր քաջարի զավակների հերոսական պայքարով, մեր նորօրյա պատմության մեջ բացվեց նոր հաղթանակների, նոր կյանքի հուսառատ էջը` հաստատելով սուրբգրային խոսքը, թե ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն (Առակ. 12:20):

Աղոթելով հանուն հայրենյաց նահատակված մեր հերոս զավակների հոգվոց հանգստության համար` հայցում ենք, որ Տերը ամենախնամ Իր Սուրբ Աջով անվրդով, խաղաղության մեջ պահպանի համայն աշխարհը և մեր ժողովրդին` ի Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռս: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այսօր և միշտ: Ամեն»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---