ՀԾԿՀ-ին կոչ են անում որոշում կայացնել հօգուտ ՀՀ հանրության և գազի սակագինը թողնել անփոփոխ

ՀԾԿՀ-ին կոչ են անում որոշում կայացնել հօգուտ ՀՀ հանրության և գազի սակագինը թողնել անփոփոխ

PanARMENIAN.Net - «ՀՀ ազատ քաղաքացիները» բաց նամակով են հադես եկել, հասցեագրված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանին, պատճենները՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Ինչպես հայտնի է, հանրությունը ՀՀ հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայք էջից և ԶԼՄ-ներով տեղեկացվել է այն մասին, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են հանձնաժողով բնական գազի սակագների վերանայման հայտով:

Մեզ այդքան էլ չեն հետաքրքում թե ինչեր են գրված այդ հայտում, միայն գիտենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Ընդգծում ենք «սոցիալական» բառը, քանի որ սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի բարձրացումը դա սոցիալական հիմնախնդիր է և առաջացնելու է սոցիալական մեծ ընդվզում: Գաղտնիք չէ, որ մեր հանրապետության բնակչության մեծ մասն ապրում է աղքատության մեջ և այսպես շարունակվելու դեպքում բոլոր ոլորտներում կկատարվեն թանկացումներ և մենք հաստատ այլևս չենք ունենա միջին խավ:

Անշուշտ, գազի սակագնի բարձրացման հետևանաքով հնարավոր թանկացումներն անխուսափելի են լինելու, դրան հաջորդելու են էլեկտրոէներգիան, ջուրը, տրանսպորտը, այնուհետև կսկսվի թանկացումների շղթան` հացը, կաթնամթերքը, մի խոսքով՝ առաջնային սպառման բոլոր ապրանքները: Իր քաղաքացու կյանքի և կենսագործունեության համար համարժեք կենսապայմաններ ապահովելու խնդիրը դա պետության պոզիտիվ պարտավորություններից մեկն է: Ուստի գազի սակագնի բարձրացման հետ պահանջ պետք է դրվի բնակչության եկամտի համարժեք բարձրացման, իսկ ինչ աղբյուրներից դա կարվի ՀՀ կառավարության` ի դեմս վարչապետ Տ. Սարգսյանի մտահոգության առարկան պետք է լինի, ինչը գործնականում նա անտարբերության է մատնել:

Ի վերջո, գազի սակագնի թանկացումը ազդելու է Հայաստանի ողջ բնակչության վրա, այն բերելու է նրանց եկամուտների կտրուկ նվազման: Բացի այդ, գազի սակագնի թանկացումը բերելու է նաև բնապահպանական լուրջ խնդիրներ, բնության, մասնավորապես անտառների վրա աղետալի ազդեցություն է ունենալու, սկսելու են մասսայական ծառահատումները, ավելանալու են փայտ վառող ընտանիքների քանակը:

Կարծում ենք, որ գազի սակագնի բարձրացումը կարող է վերջին կաթիլը դառնալ, որը մեր հանրությանը կդրդի ագրեսիվ տուրբուլենտության գոտի: Սոցիալական լարվածությունը թուլացնելու համար արտագաղթի հրահրելու մեթոդն արդեն չի աշխատում. նրանք, ովքեր ցանկացել են, արդեն հեռացել են, մնացել են նրանք, ովքեր իրենց ապագան կապում են իրենց հայրենիքի` Հայաստանի հետ և հեռանալու տեղ չունեն, պայքարելու են իրենց սոցիալական իրավունքների ոտնահարման դեմ:

Ավաղ, դեռևս այս հարցին լուծում չտված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ս. թ. մայիսի 15-ին հրապարակել է հաղորդագրություն, որ հանձնաժողովը հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

Սրանով արդեն հաստատվում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ունի դիրքորոշում, ըստ որի բնական գազի սակագնի բարձրացման վերաբերյալ վերը նշված ընկերությունների ներկայացված դիմումները բավարարելու է` ի վնաս ՀՀ բնակչության»:

«Վստահ լինելով մեր ուժերի, համառ ու անկոտրուն պայքարի վրա, առայժմ կոչ ենք անում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ելնելով մեր հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակից, վերանայելով այդ ընկերությունների դիմում-հայտերը խնդրո առարկայի վերաբերյալ, որոշում կայացնել հօգուտ ՀՀ հանրության և ամբողջովին մերժել այդ ընկերությունների հայտերը՝ գազի սակագինը թողնելով անփոփոխ: Հանձնաժողովը դեռ ունի ժամանակ մտորելու և իր նախնական դիրքորոշումը փոխելու: Այդպիսի որոշում չընդունելու դեպքում մեզ իրավունք ենք վերապահում հայտարարելու քաղաքացիական անհնազանդություն և կոչ անելու ժողովրդին չվճարել սպառած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց: Գազի սակագնի բարձրացման մասին որոշում ընդունելու դեպքում, դա մեր կողմից կդիտվի որպես սահմանադրության կարևորագույն դրույթի՝ սոցիալական պետության դրույթի խախտում, և ՀՀ քաղաքացիներն արդեն ստիպված կլինեն սեփական ուժերով վերականգնել խաթարված սոցիալական արդարությունը»,-ասվում է «ՀՀ ազատ քաղաքացիների» նամակում:

 Ուշագրավ
Կարեն Անդրեասյանը մատնանշել է հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը
Աշակերտները լսել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը, իսկ ընկերության գլխավոր տնօրենը նրանց հետ կիսվել է հաջողության հասնելու գաղտնիքներով
Այս անգամ ևս 3 ցուցարար հանդիպել է վարչապետին՝ քննարկելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ առաջացած խնդիրները
«Առաջին փուլի համար նախատեսոված է 5000 տուն, բայց ընդհանուր առմամբ մոտ 300.000 մարդ է սպասում մեր տներին»