Սերգո Կարապետյան. Խիստ տուժել են Արմավիրի մարզի խաղողի և պտղատու այգիները

Սերգո Կարապետյան. Խիստ տուժել են Արմավիրի մարզի խաղողի և պտղատու այգիները

PanARMENIAN.Net - 2013 թ. մայիսի 16-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել հաղորդումով: Նա մասնավորապես ասել է.

Ինչպես հայտնի է 2013 թվականի մայիսի 12-ին հանրապետությունում, հատկապես Արմավիրի մարզի տարածքում, դիտվել է ուժեղ կարկտահարություն:

Կարկտահարության հետևանքով տարբեր աստիճանի վնասվել են Արմավիրի մարզի շուրջ 43 գյուղական համայնքներ:

Առանձնապես խիստ տուժել են խաղողի և պտղատու այգիները: Կարկտահարությունից փոքր չափերի վնասներ են արձանագրվել նաև Արագածոտնի, Արարարատի և Կոտայքի մարզերի մի քանի գյուղական համայնքներում:

Մայիսի 12-ին, կարկտահարությունից անմիջապես հետո, Արմավիրի մարզ եմ մեկնել և մարզպետի հետ միասին այցելել ենք կարկտահարությունից առավել տուժած համայնքներ:

Նույն օրը հրավիրվեց արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցում էին աղետից տուժած համայնքների ղեկավարները, առանձին համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ, արտակարգ իրավիճակների նախարարության մթնոլորտային երևույթների դեմ ակտիվ ներգործության ծառայության ղեկավարը, ինչպես նաև լրագրողներ:

Խորհրդակցության ժամանակ համայնքի ղեկավարներին հանձնարարավեց ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման համաձայն ստեղծել վնասները գնահատող համայնքային հանձնաժողովներ և հնարավոր սեղմ ժամկետում ուսումնասիրել կարկտահարությունից պատճառված վնասները` ըստ հանմայնքների, ըստ հողօգտագործողների և ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի` նշելով վնասվածության կոնկրետ աստիճանը և արդյունքները ներկայացնել մարզային հանձնաժողով:

Նույն օրը ստեղծվել են համայնքային 43 հանձնաժողովներ, որոնց կողմից կարկտահարության վնասների գնահատման աշխատանքները սկսվել են հաջորդ օրն առավոտյան և ամենայն հավանականությամբ այն կավարտվի այսօրվա վերջում: Մարզային հանձնաժողովների կողմից արդյունքները կամփոփվեն և մայիսի 18-ին կներկայացվեն , վերջինիս կողմից համապատասխան առաջարկությունները կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:

Մեր կողմից հանձնարարական է տրվել համայնքային հանձնաժողովներին հավաքագրել ճշգրիտ տվյալներ` կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների կողմից բանկերից վերցրած վարկերի և դրանց չափերի վերաբերյալ, հետագայում որոշակի մոտեցումներ ցուցաբերելու համար:

Նախարարության կողմից մշակվել և տուժած համայնքների գյուղացիական տնտեսություններին տրամադրվել են խորհրդատվական թերթիկներ` կարկտահարված խաղողի վազերի և պտղատու ծառերի էտի, ձևավորման, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի հետագա խնամքի և հետևանքների մեղմման միջոցառումների մասին:

Առաջարկություններ են մշակվել ամբողջությամբ վնասված տարածքներում կրկնացանքեր կատարելու ուղղությամբ: Երեկ Արմավիրի մարզում, հանրապետությունում լավագույն փորձ ունեցող գիտնականների մասնակցությամբ կազմակերպվել է դաշտային ուսուցում` կարկտահարված խաղողի վազերի վերականգնման ուղղությամբ, որը նկարահանվել է և մարզային հեռուստատեսությամբ երեկվանից օրը մի քանի անգամ եթեր է հեռարձակվում:

Նախնական գնահատականներով կարկտահարությունից տուժած 43 համայնքների վնասված տարածքները կազմում են մոտ 15-17 հազ հա, այդ թվում`

- բանջարաբուստանային մշակաբույսերի տարածքները 6.0 հազ.հա,

- պտղատու այգիների տարածքները 4.5-5.0 հազ. հա,

- խաղողի այգետարածքները 4-5.0 հազ. հա,

- կերային մշակաբույսերի տարածքները 1.0 հազ. հա:

Բանջարաբոստանային և կերային մշակաբույսերի առումով խնդրի լուծումը միանգամայն հնարավոր է, հաշվի առնելով այն, որ նշված մշակաբույսերի սածիլումը և ցանքը կարելի է իրականացնել մինչև հունիսի 20-ը:

Ինչ վերաբերում է պտղատու և խաղողի այգիներին, ապա դրանց վերականգնումն առավել տևական ժամանակ է պահանջում: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` վերջին մի քանի օրերին ներկրվող ամբողջ պարարտանյութը տրամադրվել է Արմավիրի մարզին և այսօրվա վիճակով մարզին հատկացվել է նախատեսված ազոտական պարարտանյութի ողջ քանակը` 7.0 հազ. տոննա, իսկ դիզելային վառելանյութի նախատեսված 2.343 մլն լիտրի հատակացումը կավարտվի առաջիկա օրերի ընթացքում:

Անհրաժեշտության դեպքում կհատկացվի լրացուցիչ ինչպես ազոտական պարարտանյութ, այնպես էլ դիզելային վառելանյութ: Արմավիրի մարզպետարանի առաջարկությունների հիման վրա նախարարաության կողմից գնահատվել է տուժած համայնքներում կրկնացանքի համար պահանջվող սերմերի քանակն ըստ տեսակների: Ընդհանուր առմամբ պահանջվում է 24 տոննա բանջարաբոստանային և կերային մշակաբույսերի սերմացուներ:

Նախարարության կողմից ճշգրտվել են հանրապետությունում սերմերի և սածիլների առկա քանակները, ձեռք բերման հնարավոր աղբյուրները և գները: Սերմերի մի մասը (առվույտի, եգիպտացորենի, արևածաղկի) անհրաժեշտ է ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից: Սերմերի նշված քանակով հնարավոր կլինի ցանքեր կատարել շուրջ 4.0 հազ. հա տարածության վրա:

Սերմերի ձեռքբերման և ներկրման աշխատանքները կկատարվի շատ արագ կարգով և մեկ շաբաթվա ընթացքում կտրամադրվի գյուղացիական տնտեսու-թյուններին:

Այսօր վնասի ճշգրիտ չափերի մասին խոսելը վաղ է: Տվյալները հավաքագրելուց և ամփոփելուց հետո նոր պարզ կդառնա իրական պատկերը:

Առաջնահերթ խնդիր է նախարարության և մարզպետարանների հետևողական աշխատանքի արդյունքում այս տարի առավելագույնս օգտագործել առկա ներուժը, և թույլ չտալ գյուղատնտեսության ընդհանուր տնտեսական ցուցանիշների անկում, դրա համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ, մասնավորապես ակնկալվում է նախորդ տարվա նկատմամբ 21.5 հազ. հա-ով ցանքատարածությունների ավելացում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---