18 մայիսի 2013 - 11:00 AMT
ԵԽԽՎ ղեկավարը հուսով է, որ Եվրախորհրդի հայաստանյան նախագահության և ԵԽԽՎ միջև արդյունավետ համագործակցություն կլինի

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց անդորրացի գործընկերոջը ԵԽ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած վեց ամիսների ընթացքում զգալի աշխատանք է իրականացվել Անդորրայի նախագահության առաջնայնությունների իրականացման, կազմակերպության նպատակների առաջ մղման ուղղությամբ:

Ժիլբերտ Սաբոյա Սունյեն շնորհակալություն հայտնելով իր երկրի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վստահեցրեց, որ հայկական կողմը իր նախագահության ընթացքում ամենայն օժանդակություն կստանա Անդորրայի կողմից։ Զրուցակիցները քննարկեցին Եվրախորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։

Շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ ղեկավարը պատմական որակեց այն Հայաստանի համար և հույս հայտնեց, որ Եվրախորհրդի հայաստանյան նախագահության և ԵԽԽՎ միջև արդյունավետ համագործակցություն կլինի, ինչը կնպաստի կազմակերպության խնդիրների իրականացմանը։

Զրույցի ընթացքում արծարծվեցին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում ԵԽԽՎ բյուրոյի նիստի կազմակերպմանը առնչվող հարցեր։