18 մայիսի 2013 - 13:25 AMT
ԵՊՀ-ում կմեկնարկի հնագիտական անվճար դասընթաց

Իտալիայի և Հայաստանի միջև իրականացվող «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային արժեքների վերականգնման և պահպանման ոլորտում» կրթամշակութային ծրագրի շրջանակում մայիսի 20-ին Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «Հնագիտությունը և միջառարկայական մոտեցումները» խորագրով հնագիտական անվճար դասընթաց:

Այն կներառի տեսական և գործնական մասեր: Դասընթացի նպատակը հնագիտական ուսումնասիրությանը վերաբերող բոլոր փուլերի արժևորումն է:

Տեսական մասը կանցկացվի ԵՊՀ Պատմության ֆակուլտետում: Դասախոսությունների շարքով հանդես կգան հայ և իտալացի դասախոսներ: Արուճի հնավայրում կանցկացվի դասընթացի գործնական մասը. Իտալիայից ժամանած հնագետները հայ ուսանողներին կներկայացնեն հնագիտական պեղման մեթոդները և իտալական մոտեցումներն այս հարցում: Ուսանողներին դասընթացի ավարտին կտրվի վկայական:

Ծրագրի շրջանակում հնագիտությանը նվիրված առաջին դասընթացն անց է կացվել 2012 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին: Այն կազմակերպվել էր Իտալիայի արտաքին գործերի, ՀՀ մշակույթի նախարարությունների, Միլանի պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի, Միլանի և Ֆլորենցիայի պետական համալսարանների գործընկերությամբ: